Հասարակական

Գառնիի բաժանմունքի ծառայողները զենք-զինամթերք են հայտնաբերել ավտոմեքենայում

2 րոպեի ընթերցում

Գառնիի բաժանմունքի ծառայողները զենք-զինամթերք են հայտնաբերել ավտոմեքենայում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 8-ին, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան հատվածում, կրակոցներ են հնչում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նշված վայր մեկնած ոստիկաններին 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է կրակել, իսկ զենքերն ու փամփուշտներն ընկերոջ «Տոյոտա»-ի բեռնախցիկում են:

«Առինջ գյուղի 24-ամյա բնակիչը և մեքենայատերը՝ Արագած գյուղի 33-ամյա բնակիչը, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին: Բաժնում 24-ամյա առինջեցին հայտնել է, որ ավտոմեքենայում առկա զենքերից չորսն իրենն է, ունի համապատասխան թույլտվություն, իսկ փամփուշտները բերել է 2020 թ. Արցախյան պատերազմին մասնակցելու ժամանակ: Նա նաև հայտնել է, որ զենքերից մեկը 33-ամյա ընկերոջն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:

««Տոյոտայի» խուզարկությամբ հայտնաբերվել են «ՎԵՊՐ» տեսակի 5,45 մմ տրամաչափի որսորդական ակոսափող չորս հրացան, «AKC 366 Lancaster-03,366 TKM» տեսակի որսորդական ողորկափող մեկ հրացան, Ֆ-1 տիպի մեկ նռնակ՝ պայթուցիչով, պահունակներ, դանակներ, նշանոցներ, խլացուցիչներ և տարբեր տրամաչափի մի քանի հարյուր փամփուշտ»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նշվում է, որ հայտնաբերվածն առգրավվել է: Քրեական վարույթը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում