Պաշտոնական

Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգության և տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցերում. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգության և տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցերում. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հոկտեմբերի 11-ին հանդիպել է Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպման սկզբում Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ եւ անկեղծ համագործակցություն անվտանգության եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու հարցերում:

«Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-ընդգծել է նա:

Ռուս գործընկերները մատնանշել են համատեղ նախագծերի հաջող իրականացման փաստը, մասնավորապես, բարձր է գնահատվել միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությունը:

Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները:

«Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձեւաչափերի քննարկումներ եւ խորհրդակցություններ անցկացնել»,-նշել է խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլեւը:

Քննարկվել են Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր:

Հոկտեմբերի 10-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») եւ Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում