Հասարակական

Կնոջը սպանած տղամարդը նռնակ է պայթեցրել ոստիկանների հետ բանակցություններից հետո

2 րոպեի ընթերցում

Կնոջը սպանած տղամարդը նռնակ է պայթեցրել ոստիկանների հետ բանակցություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Էրեբունու բաժին հոկտեմբերի 6-ին, ժամը 6.50-ին զանգահարած քաղաքացին ահազանգել է, որ հնարավոր է մի տղամարդ տանը բռնություն կիրառի կնոջ նկատմամբ, և Նուբարաշենի 6-րդ փողոց պետք է շտապ ոստիկան մոտենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է կնոջ դիակ՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով:

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ կնոջը սպանել է 37-ամյա ամուսինը:

Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ իրավապահները տեղեկություն են ստացել, որ կնոջը սպանած ամուսինը թաքնվում է Արմավիրի մարզի Արաքս գյուղի առանձնատներից մեկում: Ժամը 10.40-ի սահմաններում իրավապահները, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ, հասել է առանձնատուն` նրան ձերբակալելու նպատակով: «Տղամարդը, սակայն, սպառնում է պայթեցնել իր մոտ եղած նռնակը: Բանակցություններն արդյունք չեն տալիս, և տղամարդը պայթեցնում է նռնակը: Բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժում, և ոստիկանները ձերբակալում են 37-ամյա տղամարդուն»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավեելով, որ կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում