«Երկիր Նաիրի» վեպը՝ Չարենցի խմբագրած վերջին տարբերակով. Թագուհի Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն գրող Եղիշե Չարենցի 125-ամյակի շրջանակում հեղինակի «Երկիր Նաիրի» վեպը, որը նվիրված է նրա հայրենի քաղաքին՝ Կարսին, որտեղ անցել են Չարենցի մանկությունն ու պատանեկությունը, հետչարենցյան ժամանակամիջոցում առաջին անգամ լույս է տեսել գրողի խմբագրած վերջին տարբերակով, նախորդ հրատարակությունների քննությամբ և ամենից ստվարաթիվ ծանոթագրություններով։

Գիրքը հրատարակել է «Վերնատունը»՝ Թագուհի Ղազարյանի աշխատասիրությամբ, Կարինե Մեսրոպյանի սրբագրմամբ և Լիլիթ Ալթունյանի ձևավորմամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թագուհի Ղազարյանը պատմել է գրքի, իր կատարած աշխատանքի նրբությունների և չարենցյան տարում սպասվող միջոցառումների մասին:

Նա հիշեցնում է, որ «Երկիր Նաիրի» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1922-1954 թվականներին «Նորք» հանդեսում: Երկրորդ անգամ հրատարակվել է 1926 թվականին, երրորդ անգամ՝ 1932-ին և չորրորդ անգամ՝ 1934 թվականին: Նախավերջին հրատարակության թե՛ խմբագիրը, թե՛ հրատարակիչը Եղիշե Չարենցն է եղել, ուստի Թագուհի Ղազարյանը հենց այն է նոր հրատարակության համար հիմք ընդունել:

Ղազարյանը պատմում է, որ Եղիշե Չարենցի մահվանից և նրա գրականության արգելքից հետո 1955 թվականին առաջին անգամ լույս է տեսել վեպը՝ Սողոմոն Տարոնցու խմբագրությամբ, որտեղ հեղինակային տեքստում միջամտություններ են եղել: «Միջամտությունները ոչ թե գեղարվեստական են, այլ՝ քաղաքական: 1966-ին լույս է ընծայվել ակադեմիական հրատարակությունը՝ Ալմաստ Զաքարյանի խմբագրությամբ: Նա ևս միջամտել է տեքստին ինչպես գեղարվեստական, այնպես էլ քաղաքական առումով: 1966 թվականի հրատարակությունը հիմք է ծառայել հետագա հրատարակությունների համար»,-նշում է Ղազարյանը:

Թագուհի Ղազարյանը հրատարակության է պատրաստել 1932 թվականի տարբերակը, սակայն ծանոթագրություններում, որոնք հասնում են շուրջ հազարի, նշել է բոլոր հրատարակությունների՝ Չարենցի կենդանության օրոք կատարած, նրա մահից հետո հրատարակված ու խմբագրված տարբերակների փոփոխությունները:

Անդրադառնալով հետչարենցյան շրջանի խմբագրումներին՝ Թագուհին ասում է, որ Չարենցի մահվանից հետո, երբ լույս է տեսել վեպը, տարբերությունների մի մասը տեխնիկական են եղել. նույնականացման նպատակով որոշ անուններ փոխվել են. հրատարակիչները հեղինակին շփոթմունք են վերագրել: Վեպի մի գլխում կերպարներից մեկի հայրանունը Վասիլևնա է, մյուսում՝ Վլադիսլավովնա: Խմբագիրները հարկ են համարել նույնականացնել այդպիսի «վրիպումները»:

«Մյուս փոփոխությունները կանվանեի գեղարվեստական միջամտություններ: Եղիշե Չարենցն իր վեպում չի գործածում ազգությունների անունները՝ հայ, ռուս, թուրք, որոնք առաջին հրատարակության մեջ են եղել: Նա «նաիրցի» է անվանել հայերին, «սոխ»՝ ռուսներին, «ոսոխ»՝ թուրքերին: Չարենցն ստեղծել է պայմանական գեղարվեստական միջավայր: Օրինակ՝ 1966 թվականի հրատարակության մեջ խմբագիրը միջամտել է և օգտագործել է «ազգուրաց» բառը, որը Չարենցի վեպի բառապաշարում չկա: Չարենցը բազմիցս այդ բառի փոխարեն օգտագործել է «նաիրուրաց» բառը, որը գեղարվեստական, ոչ թե տեխնիկական նշանակություն ունի»,-պատմում է Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Չարենցը նախասովետական, կայսերական Ռուսաստանի ռուսների մասին գրել է՝ օգտագործելով «սոխ» բառը ռուսի փոխարեն, բայց 1955-1966 թվականներին դա խնդրահարույց է եղել: Խմբագիրները կրճատումներ են արել, փոխել են բառերը, որոնք կարող էին մեկնաբանվել որպես քաղաքական մոտեցումներ: Արդյունքում վեպն էապես փոփոխվել է:

Թագուհի Ղազարյանը, խոսելով մեր օրերում վեպի շատ կամ քիչ ընթերցվելու մասին, ասում է, որ այն, ավաղ, քիչ են կարդում. դպրոցական ծրագրերում վեպը պարտադիր ընթերցանության չէ, սակայն կա բուհական մասնագիտական ծրագրերում: «Նյութը գրեթե բոլոր ժամանակներում մեկնաբանվել է տվյալ ժամանակների ոգով: 1920-ականներին այն մեկնաբանվում էր ավանգարդիստական շարժման, գեղարվեստական նոր բանավեճերի տրամաբանությամբ, ավելի ուշ այն մեկնաբանվել է իբրև սոցիալիստական, հակաազգայնական, երբեմն պարզունակ երգիծավեպ: Անկախության շրջանում բոլորովին այլ՝ հաճախ ուղիղ հակառակ տեսանկյունից են վեպը մեկնաբանել՝ ազգայնականության, երբեմն հակասովետականության տրամաբանությամբ: Այս առումով կարևոր է, որ վեպն ընթերցելիս ուղղորդող լինեն, ընթերցմանը նպաստեն դասախոսները, ուսուցիչները, որոնք կօգնեն Չարենցի ձախության շրջանի սատիրայի, իրոնիայի, ողբերգականության, բառախաղերի արանքում գտնել բանաձևերը, որոնք տալիս է հեղինակը»,-հավաստիացնում է Թագուհին և հավելում, որ հոբելյանական տարում մշակութային կազմակերպությունների հետ միջոցառումներ են անցկացնելու՝ վեպի մասին զրույցներ ծավալելով:

Նախաձեռնությունների մի մասը գուցե հեռարձակվի տարբեր հարթակներում: Զրույցներում ներգրավելու են տարբեր մասնագետների, որոնց օգնությամբ փորձելու են խթանել ընթերցանությունը, օգնելու են ոչ միայն գտնել և կարդալ, այլև ուշադրությունը հրավիրել նրա վրա, թե ինչպես ընթերցել, ինչու կարդալ, ինչի վրա ուշադրություն դարձնել և այլն:

Կարսի անկումից հետո Չարենցը գրել է նրա վերջին տարիների պատմությունը, որում Կարսը, կարծես, կորստի խորհրդանիշ է։ Տեքստում երգիծականն ու ողբերգականը միահյուսվում են քաղաքական և պատմական իրադրություններին: Գրքում Առաջին աշխարհամարտի թնջուկում և հետայդու քաղաքը ներկայանում է որպես արևելյան և արևմտյան բարքերի, պահպանողական և ազատական գաղափարների բախումների թատերաբեմ։

2022-ին նշվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանի առթիվ հեղինակի տուն-թանգարանը, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, մի շարք միջոցառումներ կանցկացնի՝ նվիրված մեծ գրողին:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը