Հասարակական

Այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է. Արտակ Բեգլարյանը՝ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետական նախարար նշանակելու մասին

2 րոպեի ընթերցում

Այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է. Արտակ Բեգլարյանը՝ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետական նախարար նշանակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի վերաբերյալ հայտարարությանը:

«Ի շարունակություն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարության Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի վերաբերյալ՝ կուզեի մի քանի շեշտադրում անել.

Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է, և ես անվերապահորեն աջակցում եմ Նախագահի որոշում-առաջարկին:

Ռուբեն Վարդանյանի նման համաշխարհային մակարդակի ռազմավարական կառավարիչը և բարձր արժեքների տեր մարդը մեծ հնարավորություն է ցանկացած պետության, առավել ևս՝ խոր ճգնաժամ ապրող Արցախի Հանրապետության համար: Ուստի, Արցախ տեղափոխվելու նրա որոշումը լավագույն շանսն է նրա ներուժն ու առաքելության գիտակցումն արդյունավետորեն իրացնելու համար, որի ներկայումս լավագույն մեխանիզմը, իմ պատկերացմամբ նույնպես, լայն լիազորություններով պետական նախարարի պաշտոն զբաղեցնելն է:

Նշեմ, որ իմ ու պարոն Վարդանյանի գնահատականները Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ, հիմնախնդիրների լուծման մոտեցումները մեծապես համընկնում են, և նաև այդ պատճառով ես հավատում եմ, որ նա կարող է զգալի առաջընթաց ապահովել և՛ ներքին, և՛ արտաքին ուղղություններում:

Իսկ իմ նախընթաց գործունեության գնահատականների և հետագա անելիքների վերաբերյալ դեռ առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Ես շարունակում ու շարունակելու եմ ծառայությունս Հայրենիքիս իմ ամբողջական ներուժով, արժեքներով ու սկզբունքներով հանդերձ, և ցանկացած դիրքում ու հանգամանքում ես մնում եմ շարքային զինվոր՝ հանուն հայոց պետականության և ազգային վերելքի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արտակ Բեգլարյանի գրառման մեջ:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում