Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Դետեկտիվ Ալենը» տիկնիկային ներկայացման գլխավոր հերոսը հետախույզ Սմիթն է, որը որոշում է իրականացնել իր երազանքն ու նվաճել աշխարհը: Նա վստահ է, որ դա անելու համար անհրաժեշտ է լինել աշխատասեր, ընթերցասեր, խելացի և ամենագլխավորը՝ բարի, կարեկից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը, որի հիմքում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Ոսկե արծիվ շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեքիաթներն են, Մարգարյանի մահվան օրը՝ սեպտեմբերի 30-ին, համալրեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի խաղացանկը:
Առաջնախաղին դահլիճում ներկա և՛ փոքրիկները, և՛ մեծահասակները բուռն էին արձագանքում՝ հետևելով գլխավոր հերոսի հետաքրքիր ճամփորդությանը:
Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, խոստովանեց, որ սեպտեմբերի 30-ը իր կյանքի ամենատխուր օրացույցային օրն է վերջին երկու տարում, քանի որ իր որդին հենց այդ օրն է անմահացել՝ դառնալով հավերժի ճամփորդ: «Մի փոքր լույս ծագեց նրա միջոցով, քանի որ նա անմահացավ երկրորդ անգամ արդեն տիկնիկային ներկայացման և Ալեն տիկնիկի միջոցով: Ներկայացման ծնունդը և այն փաստը, որ Ալենը մեկ անգամ ևս հավերժանում է՝ յուրաքանչյուր մանկան սրտում տեղ գտնելով, հուզիչ է: Համոզված եմ, որ այս բեմադրությունը լավագույն նվերն է լինելու բոլոր մանուկների համար»,-նշեց Տերտերյանը:
Նազելի Տերտերյանի խոսքով՝ Ալենը ստեղծագործում էր՝ առակներ, պիեսներ էր գրում, ֆիլմեր նկարում: «Դեռ մանուկ տարիքում նրա ստեղծագործական ջիղն ի հայտ էր գալիս տարբեր առիթներով: Նա դեռ գրաճանաչ չէր, երբ աշնան մի երեկո, երբ անձրևախառն եղանակ էր, փոքրիկ մի տերև ընկավ պատուհանագոգին: Ալենը կտրուկ արձագանքեց ու խնդրեց, որ տերևը ներս բերենք: Նա պատմություն հորինեց տերևի մասին ու խնդրեց, որ գրի առնեմ այն»,-պատմեց Ալենի մայրը:
Տերտերյանը տեղեկացրեց, որ, համագործակցելով «Զանգակ» հրատարակչության հետ, նախատեսում են լույս ընծայել Ալեն Մարգարյանի հեքիաթները, ինչը ևս Ալենից նվեր կլինի մանուկներին: «Նա գրում էր լուռ, սակայն ասում էր, որ իր հեքիաթները բեսթսելեր են դառնալու: Ես ցավում եմ, որ դրանք բեսթսելեր կդառնան առանց նրա ֆիզիկական ներկայության, բայց կդառնան դարերինը, կդառնան մանուկների հոգուն հարազատ հեքիաթներ: Հեքիաթներից յուրաքանչյուրը հստակ ուղերձ ունի՝ լինել աշխատասեր, ինչպես մեղուները, ագահ չլինել, վերջ տալ դաժանությանը»,-նշում է Նազելի Տերտերյանը:
Ըստ ներկայացման բեմադրիչ Սամսոն Մովսեսյանի՝ Ալեն Մարգարյանի հեքիաթները հետաքրքիր նյութ էին տիկնիկային ներկայացման համար: Ստեղծագործական թիմը հաճախ է փնտրել նյութ, որը հնարավորություն կտա երեխաների հետ խոսել իրենց լեզվով, նյութ, որը կհետաքրքրի ժամանակակից փոքրիկներին:
Հեքիաթների մի մասն անավարտ է եղել, և ստեղծագործական կազմի աշխատանքային գործընթացը ևս նման է եղել հետախուզության. փորձել են հասկանալ հեքիաթների տրամաբանությունը, և երբ գտել են այն, հեքիաթները առավել գրավիչ են դարձել: «Դերասանները սիրով են աշխատել, որովհետև հեքիաթների կերպարները տարբերվում են դասական գործերի հերոսներից: Այստեղ երեխաները կարող են հանդիպել այլմոլորակայինների, տիեզերագնացների, օդանավերի»,-ընդգծեց ռեժիսորը:
Նա կարևորեց այն, որ ներկայացումն ինտերակտիվ է, ու երեխաները դերասանների հետ մասնակցում են հետախուզությանը՝ փորձելով բացահայտել թաքնված գաղտնիքները: «Կառույցը դետեկտիվ է, բայց մենք հայտնաբերում ենք ոչ թե նյութական արժեքներ, այլ գիտելիքներ, կարևոր մտքեր, որոնք հնարավորություն կտան նվաճել աշխարհը: Ներկայացման գլխավոր ուղերձն այն է, որ գրքի օգնությամբ կարելի է ճանապարհորդել ամբողջ աշխարհում»,-եզրափակեց Մովսեսյանը:
Ծրագրում են ներկայացումը խաղալ սահմանամերձ գյուղերում, Արցախում, ինչպես նաև սփյուռքում: Նախատեսում են ներկայացմամբ մասնակցել միջազգային փառատոնների՝ արտերկրի փոքրիկներին հնարավորություն տալով ծանոթանալու Ալեն Մարգարյանի կյանքին ու գործունեությանը, արժեհամակարգին, գաղափարներին ու մանկական երևակայությանը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի