Հասարակական

ՏԻՄ ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ վարույթի շրջանակում կալանավորվել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը

4 րոպեի ընթերցում

ՏԻՄ ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ վարույթի շրջանակում կալանավորվել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022թ. սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց լիազորությունները և ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և«Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարիմիջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով վերջինիս հարկադրել էին ընդգրկվել նշված դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրկան քարոզչություն կատարելուց:

Տեսնելով, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տրվում իրենց սպառնալիքներին և չի կատարում իրենց պահանջները, աշխատակազմի քարտուղարը, նրա կամքի և գիտակցության վրա առավել գործուն միջոցով ազդելու և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ, ծանուցագիր էր ուղարկել՝ հիշյալ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին, սակայն տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է իրենց հանցավոր գործողությունների վերաբերյալ հայտնել իրավապահ մարմիններին, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէին լուծել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նկատի ունենալով, որ համայնքի ղեկավարի տեղակալի գործողություններում ևս առկա են քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքեր, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նրա նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

ՀՀ ՔԿ-ն հիշեցնում է, որ ավելի վաղ մեղադրանքներ էին ներկայացվել նաև Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում