Հասարակական

Արդարադատության փոխնախարար Սարգսյանի համակարգմամբ քննարկվել են ՆԳՆ ֆունկցիոնալ և ռեսուրսների կառավարման մի շարք հարցեր

3 րոպեի ընթերցում

Արդարադատության փոխնախարար Սարգսյանի համակարգմամբ քննարկվել են ՆԳՆ ֆունկցիոնալ և ռեսուրսների կառավարման մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ներքին գործերի նախարարության ստեղծմանն ընդառաջ անցումային և հետագա փուլերի կարգավորմանը նվիրված հանդիպմանը նշել է, որ նախարարության պատշաճ կազմավորման համար անհրաժեշտ է փուլային սկզբունքով վեր հանել և գնահատել այն հիմնահարցերը, որոնք նախարարության ձևավորման և հետագա գործունեության փուլերում լուծում են պահանջում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Սարգսյանը շեշտել է, որ նախարարության գործունեությանն առնչվող հարցերի մեծ մասը գործառնական տիրույթում են, բայցև պահանջում են մանրակրկիտ քննարկում և լուծումների նախանշում, որոնք հետագա փուլերում թույլ կտան պահպանել բարեփոխումների տրամաբանությունը:

Ըստ աղբյուրի՝ փոխնախարար Սարգսյանը նշել է, որ այս հանդիպմամբ տրվում է փորձագիտական քննարկումների շարքի մեկնարկը, որի շրջանակներում առանձնացվելու են նախարարությանն առնչվող թիրախային հարցեր: Սա թույլ է տալու օրենսդրական զարգացումներին զուգահեռ ունենալ նաև նախարարության կազմավորման գործնական պատկերի տեսլականը:

«ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանն իր հերթին վերահաստատել է ԵԱՀԿ պատրաստակամությունը Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում փորձագիտական աջակցություն տրամադրելու հարցում:

Հանդիպման շրջանակներում ծավալվել է ակտիվ քննարկում ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստան ժամանած էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրի մասնակցությամբ, դիտարկվել են Ներքին գործերի նախարարության քաղաքականության մշակման գործառույթին, անձնակազմի կառավարմանը և ռեսուրսների բաշխմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Միգրացիայի ծառայության, Եվրոպական Միության, ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի, ԻՍԻԹԱՓ-ի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության կողմից՝ ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում