Հասարակական

Տաշիրի ոստիկանները ձերբակալել են եկեղեցուց գողության փորձ և բնակարանային գողություն կատարած տղամարդուն

3 րոպեի ընթերցում

Տաշիրի ոստիկանները ձերբակալել են եկեղեցուց գողության փորձ և բնակարանային գողություն կատարած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները բացահայտել են եկեղեցուց գողության փորձ և բնակարանային գողություն, նրանք ձերբակալել են Մեծավան գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդու։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Սեպտեմբերի 22-ին, ցերեկվա ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Սուրբ Սարգիս եկեղեցում գողություն է կատարվում:

Օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց եկեղեցի: Մեծավան գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը միայնակ կանգնած էր եկեղեցու դռան մոտ: Ոստիկանությունում նա պատմեց, որ անձրևից պաշտպանվելու համար է մտել եկեղեցի, կարծել է, թե ոչ ոք չկա և օգտվելով առիթից` փորձել է բացել գանձանակը և հափշտակել եղած գումարը, սակայն այդ պահին նրան նկատել է մոմավաճառ կինը։

Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, բնակարանային գողության վերաբերյալ ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ ստացվեց: 50-ամյա տղամարդը հայտնեց, որ բացել են Նորաշեն գյուղի՝ իրեն ի պահ հանձնված հանգուցյալ հորեղբոր տան պատուհանը և հափշտակել հագուստ ու կենցաղային իրեր:

Օպերատիվ խումբը մեկնեց Նորաշեն։ Ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ։ Բաժնի քրեական հետախույզներն էլ ստացան օպերատիվ տեղեկություն, որն իրացրին սեպտեմբերի 24-ին: Արդյունքում հայտնաբերվեց ու ձերբակալվեց Մեծավանի բնակիչ, նույն 30-ամյա տղամարդը: Նա խոստովանեց, որ սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը ութի սահմաններում, ինքն է լուսամուտը բացել ու մտել Նորաշենի հիշյալ տուն, գողացել հագուստ ու կենցաղային իրեր, որոնք ընկերոջ մեքենայով տեղափոխել են Ստեփանավան ու վաճառել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այս դեպքի առթիվ ևս Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում