Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 2902 խախտում
1 րոպեի ընթերցում
![Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 2902 խախտում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1093433.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 19-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2902 խախտում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 14 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 39 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 74-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 2 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։
«Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։