Մշակույթ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Հոգի-ձայն-պատկեր» նոր կրթական ծրագրի մեկնարկի մասին

3 րոպեի ընթերցում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Հոգի-ձայն-պատկեր» նոր կրթական ծրագրի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Հոգի-ձայն-պատկեր» նոր կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը հիմնված է սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը ԳԱԿ-ում գործող «Նինա Խեմչյան. արձագանք» ցուցադրության վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գաֆէսճեան արվեստի կենտրոնից,

կրթական ծրագրի առանցքում փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի քանդակներն են, որոնք արվեստագետը ստեղծել է` ոգեշնչված Մեսրոպ Մաշտոցի շարականներից:

«Այսօր մեզ շրջապատող աղմուկը հաճախ հանդես է գալիս երաժշտության անվան տակ: Իրականում դրանք աղավաղված քաոսային ձայներ են, մինչդեռ հոգևոր երաժշտությունը կարելի է ընկալել լռելով, ունկնդրելով և հոգևոր խորասուզմամբ: Երաժշտության մեջ լռությունը նույնքան էական է, որքան ձայնը: Եթե սովորական զգայարաններով՝ լսողությամբ հնարավոր է լսել ձայնը, ապա լռությունը հարկավոր է ոչ թե լսել, այլ ունկնդրել, թափանցել էության խորքերը, լռել և մտորել։

«Հոգի-ձայն-պատկեր» կրթական ծրագրի միջոցով փորձելու ենք նպաստել երաժշտական մշակույթի հիմքերի ձևավորմանը և զարգացնել հոգևոր երաժշտություն ունկնդրելու փորձառությունը:

Կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել արվեստագետ Նինա Խեմչյանի ստեղագործությունները և վերջիններիս կապը Մեսրոպ Մաշտոցի ստեղծած շարականների հետ:

Ծրագրի ստեղծագործական մասում, ծանոթանալով շարականների բովանդակությանն ու երաժշտությանը, մասնակիցները կփորձեն նկարչության միջոցով արտահայտել հոգևոր երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:

Ծրագիրը նախատեսված է տաս տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։

Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում