Հասարակական

ՀՀ արդարադատության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացվող բարեփոխումների ընթացքը

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացվող բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալլելոյին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարար Անդրեասյանը ներկայացրել է ներկայումս ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանց արդյունքները, մասնավորապես, խոսել է Հայաստանում ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված աշխատանքների ընթացքից, բարեփոխումների իրականացման ընթացքում առաջ եկած հնարավոր խնդիրների շրջանակից, ինչպես նաև առաջարկել է դրանց լուծմանն ուղղված քայլեր:

«Կարեն Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանն ուղղված գործողություններին և ներկա ընթացքին, մանրամասնել Ռազմավարությամբ սահմանված կարևոր դրույթներ, ինչպես նաև հայտնել, որ շուտով տեղի է ունենալու Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանը նվիրված դոնորների համակարգող հանդիպում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել և երկուստեք առանձնակիորեն կարևորվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև հետագա քայլերը. վերահաստատվել է համագործակցության շարունակականության հրամայականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում