Քաղաքականություն

Միրզոյանը բրիտանական կողմին է ներկայացրել ՀՀ նկատմամբ Բաքվի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը բրիտանական կողմին է ներկայացրել ՀՀ նկատմամբ Բաքվի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Առանձնահատուկ ընդգծվել է, որ Ադրբեջանը միտումնավոր թիրախավորմում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

«ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և միջազգային հանրության, այդ թվում Միացյալ Թագավորության կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն ուժի միջոցով իր առավելապաշտական նպատակներին հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում կայունության և խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը: Նա ընդգծել է նաև ադրբեջանական զինված ուժերի՝ դեպի ելման դիրքեր վերադարձի հրամայականն ու Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողություններ ձեռնարկելու բացառման անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում