Քաղաքականություն

Վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ հարձակում. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ հարձակում. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վստահելի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Մարգարյանը նախ նշեց՝ մինչև իրենք նիստում խոսում են, հաղորդումներ են ստացվում, որ փխրուն հրադադարը սպառնալիքի տակ է։

«Վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու Ադրբեջանի անօրինական հավակնությունները»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստն անցկացվում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ դիմումի հիման վրա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում