ԵԽ հանձնաժողովի նախագահը, ՀՀ և Ադրբեջանի հարցերով զեկուցողները Բաքվին կոչ են անում հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խոհրդարանի առաջատար պատգամավորները Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական հարձակման առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությամբ են հանդես եկել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն:

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք լայնածավալ ռազմական բախումները, որ երեկ երեկոյան բռնկվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում։ Մենք ցավում ենք զոհերի մեծ թվի համար»,-շեշտել են պատգամավորները:

Նրանք կողմերին կոչ են արել լիարժեքորեն հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Հատկապես կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել իր հարձակումը, հետ բերել զորքերը իրենց ելման դիրքերը և լիովին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Քաղաքացիական բնակչության կառույցների և ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդումները միանշանակ անընդունելի են։ Պետք է ամեն գնով խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի»,- շեշտել են ԵԽ պատգամավորները:

Նրանք ռազմական գործողությունների վերսկսումը հատկապես վտանգավոր են համարել այս պահին, քանի որ, իրենց գնահատմամբ, այն վտանգում է խաղաղության հավանական համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը: Պատգամավորները հիշեցրել են, որ երկու երկրների ղեկավարները երկու շաբաթ առաջ հանդիպել են Բրյուսելում և պայմանավորվել ակտիվացնել աշխատանքը՝ համաձայնագրի նախագծի ուղղությամբ:

Ըստ նրանց՝ կա պատմական շանս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և կայուն խաղաղության հասնելու համար, և այն չպետք է բաց թողնել: «Ուստի մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵՄ-ի, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո և միջնորդությամբ»,-նշել են նրանք:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Պատգամավորները վերջում ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղ կարգավորման հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով, անհրաժեշտ է միջազգային իրավունքին համապատասխան քաղաքական կարգավորում:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 21:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին