Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ն Ադրբեջանի թիրախավորած բնակավայրերից  հավաքագրված ապացույցները կուղարկի միջազգային գործընկերներին

4 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն Ադրբեջանի թիրախավորած բնակավայրերից  հավաքագրված ապացույցները կուղարկի միջազգային գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից: Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ին պաշտպանի աշխատակազմից տեղեկացրին, որ բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։ «Տեղեկատվությունը հաստատել են ինչպես համայնքից տարհանված՝ Վարդենիսում գտնվող բնակիչները, այնպես էլ՝ մյուս շրջանների վարչական ղեկավարները։ Պաշտպանին ներկայացվել են այդ հանգամանքները հավաստող լուսանկարներ ու տեսանյութեր։ Քաղաքացիների կողմից առանձնազրույցների արդյունքում արձանագրվել է նաև նրանց գույքի վնասման, ընտանի կենդանիների այնտեղ մնալու և սեփականությունից զրկվելու վերաբերյալ հարցեր»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Հաղորդագրությունում ասվում է, որ փաստահավաք առաքելության ժամանակ շարունակվող հրետակոծության ու արկակոծության պայմաններում անձինք հնարավորություն չեն ունեցել իրենց տներ վերադառնալու կամ այնտեղից գույքը, ընտանի կենդանիները տարհանելու համար։ Վերին Շորժայում անձինք ներկայացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով մեքենաներն այրվել են։ Համայնքի բնակիչները տեղեկացրել են, որ կրակակոծության հետևանքով ստիպված են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը, ընտանի կենդանիներին և զրկված են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից։

Պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում այցելել են նաև քաղաքացիական բժշկական կենտրոն, որտեղ գտնվել է ադրբեջանական գործողությունների պատճառով վիրավորում ստացած 2 քաղաքացիական անձ, որոնցից մեկը՝ տարեց կին։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ փաստահավաք աշխատանքի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունն ու ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում