ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կտրուկ սրացման կապակցությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ի վաղ ժամերին սանձազերծված հարձակումը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարությունը:
«Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կտրուկ սրացման կապակցությամբ, որը Հայաստանի տարածքում գտնվող դիրքերի վրա Ադրբեջանի սանձազերծված հարձակման հետևանքն է: Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հարձակումը և կոչ է անում հարգել 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագիրը՝ լարվածությունը արագորեն թուլացնելու համար: Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է վեճերի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա», - նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով:ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին:Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: