Մշակույթ

Ադամյանի խենթը. «Սասունցի Դավիթը» «Կազաչի պոստում»՝ ճիշտ 100 տարի առաջ

7 րոպեի ընթերցում

Ադամյանի խենթը. «Սասունցի Դավիթը» «Կազաչի պոստում»՝ ճիշտ 100 տարի առաջ

ԵՐԵՎԱՆ,10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դերասանի կյանքում վճռական դեր խաղաց Պետրոս Ադամյանը: Արմենակը տեսավ նրան բեմի վրա էլ, կյանքում էլ: Տեսավ ու զգաց արվեստագետին, ազգային հպարտությամբ լցվեց: Մի հպարտություն, որը պետք էր ոչ միայն իրեն, այլեւ այն սերնդին, որի բեմական դաստիարակության գործը հետագայում հանձնվեց իրեն: Արմենակը երազում էր ու մտածում միայն Ադամյանի մասին, փափագում էր Ադամյան լինել, տանը թե դասերի ժամանակ, քուն թե արթուն, միայն մի անուն էր հոլովում՝ Ադամյան: Նրա նման բանաստեղծություններ էր հորինում, Ադամյանի նման փորձում էր արտասանել, նկարչական վարժություններ էր անում, հայելու առաջ՝ խենթություններ: Նրան այդ տարիներին այդպես էլ կանչում էին՝ Ադամյանի խենթը: Իսկ ո՞վ կարող էր այն ժամանակ Ադամյանի հմայքից զերծ մնալ…»:

Լեւոն ԽԱԼԱԹՅԱՆ, արվեստաբան

Հանճարեղ դերասանի հմայքով գերված հայորդին Արմեն Արմենյանն էր՝ հայ թատերական արվեստի երախտավորներից մեկը, թատերական գործիչ Գասպար Իփիկյանի եղբայրը, ամուսինը Եկատերինա Դուրյան-Արմենյանի:

Պոլսում ծնված քսանամյա Արմենյանը, հակառակ վաճառական հոր՝ իր գործը շարունակելու հորդորներին, 1891-ին գալիս է Թիֆլիս եւ խաղում հայկական թատերախմբերում: Առաջին անգամ բեմ է բարձրանում Դյումա-որդու «Քամելիազարդ տիկինը» պիեսում՝ Գաստոնի դերով, խաղալով Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի հետ: Հաջորդ թատերաշրջանում Սիրանույշի հետ մեկնում է Բաթում, ապա՝ արտասահման, լինում Փարիզում, Համբուրգում, եվրոպական այլ քաղաքներում: Համբուրգում դիտում է Է. Դուզեի, Ա. Անտուանի թատրոնների, Բրյուսելում՝ Սառա Բեռնարի ներկայացումները: Փարիզում մեկ թատերաշրջան աշխատում է Սառա Բերնարի թատրոնում: Թատերական ուսումնառություն չստացած դերասանը 1895-97 թթ. սովորում է Պոլ Մունեի դրամատիկական ստուդիայում: Այդուհետ նա ռեժիսորի օգնական էր Ֆրանսիայի մայրաքաղաքի «Բուֆ դյունոր» թատրոնում, որոշ ժամանակ նաեւ՝ «Կոմեդի ֆրանսեզում»: Դա հրաշալի առիթ էր մոտիկից ուսումնասիրելու 19-րդ դարավերջի ֆրանսիական բեմարվեստի սկզբունքներն ու առանձնահատկությունները:

1902 թվական. «Հայոց դրամատիկական ընկերության» կողմից եվրոպական թատերարվեստին քաջածանոթ դերասանը հրավիրվում է հայահոծ ու մշակութային կյանքով ապրող Թիֆլիս, բեմադրում Ֆ. Կոպպեի «Կրեմոնիվա գործը», Ա. դը Մյուսեի «Վաղաժամ վճիռ» ու ֆրանսիական այլ պիեսներ՝ միաժամանակ կերպավորելով գլխավոր դերերը: Այդուհետ նա լինելու էր Բակուրակերտ Բաքվում, աշխատելու էր որպես տեղի հայկական թատերախմբի ռեժիսոր ու նաեւ դերասան: Հետո հասնելու էր Նոր Նախիջեւան՝ կյանքի կոչելու թատերախումբ, շրջագայելու էր Հյուսիսային Կովկասի եւ Ռուսաստանի հայաբնակ վայրերով՝ դրանցից շատերում նույնպես ստեղծելով դերասանական կոլեկտիվներ:

Իր կյանքը թատրոնին նվիրաբերած եռանդուն գործիչը բեմադրել է Ա. Շիրվանզադեի «Պատվի համար», «Եվգինե», «Արմենուհի», «Կործանվածը», Մուրացանի «Ռուզան», Հ. Պարոնյանի «Պաղդասար աղբար», Վ. Փափազյանի «Ժայռ» պիեսները:

1906 թ. նա արդեն ներկայացումներ է տալիս Եգիպտոսում: Երկու տարի անց տաղանդավոր մեկ այլ գործչի՝ Հովհաննես Աբելյանի հետ ղեկավարելով Աբելյան-Արմենյան թատերախումբը, հյուրախաղերով լինում է տարբեր երկրներում, բեմադրում Վ. Շեքսպիրի «Օթելլո», Շիլլերի «Ավազակներ», Հ. Իբսենի «Դոկտոր Շտոկման», Լ. Շանթի «Հին աստվածներ», դասական այլ գործեր: Խաղում է մի շարք ներկայացումներում՝ նույն «Օթելլոյում»՝ Յագո, «Վենետիկի վաճառականում»՝ Շալյոկ, «Ավազակներում»՝ Ֆրանց, Ֆուլդի «Հիմարում»՝ Յուստուս, Մոլիերի «Ագահում»՝ Հարպագոն... Այս ցանկը կարելի է երկար թվարկել՝ հավելելով նաեւ հայ դասական հեղինակների բեմական հայտնի ստեղծագործությունները:

Արմեն Արմենյանը բեմական գործունեությունը շարունակել է ոչ միայն Անդրկովկասի ու Հյուսիսային Կովկասի քաղաքներում, այլեւ Իրանի հայկական գաղթօջախներում, կրկին Բաքվում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, այլուր: 1924-ին Մոսկվայում մոտիկից ծանոթացել է Կ. Ստանիսլավսկու, Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի ստեղծագործական աշխատանքին, հետեւել թատերական նորագույն երեւույթներին, հատկապես՝ Մ. Մեյերհոլդի փորձերին: Այս շրջանում բեմադրել է Ե. Չարենցի «Կապկազ թամաշա», Լունաչարսկու «Արքայի սափրիչը», Շչեգլովի «Բուք», Յանովսկու «Ցասում», Լեւիտինայի «Դատավճիռ» եւ այլ պիեսներ:

«Ադամյանի խենթի» ամենահետաքրքիր ռեժիսորական փորձը, ինչպես թատերագետներն են նշում, եղել է Ա. Աթայանի «Սասունցի Դավիթ» պիեսի բացօթյա բեմադրությունը 1922-ին, Ալեքսանդրապոլի «Կազաչի պոստ» վայրում. սա իր տեսակի մեջ եղել է ինքնատիպ մի թատերահանդես՝ 150 դերակատարներով՝ երգչախմբեր, հեծելախումբ, փողային նվագախումբ: Եվ բնական ամֆիթատրոնում տեղավորված հազարավոր հանդիսականներ:

Արմենյանը գլխավոր ռեժիսոր է եղել Ալեքսանդրապոլի եւ Սուխումի թատրոններում, հիմնադրել Ալավերդու բանվորական թատրոնը,1935-ից հրավիրվել եւ ղեկավարել է հանրապետության երկրորդ քաղաքի՝ այսօր Վ. Աճեմյանի անվան դրամատիկականը, բեմադրել ավելի քան 100 պիես, մարմնավորել 150-ից ավելի դերեր, զբաղվել է թարգմանությամբ, ճանաչվել նաեւ որպես սքանչելի ասմունքող: Շռայլորեն օժտված անհատականություն, ով իր անջնջելի հետքն է թողել հայոց թատերական հնօրյա արվեստի հարուստ ու չխամրող էջերում…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում