Պաշտոնական

ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆիլիպ Ռիքերը շեշտել են ԱՄՆ դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու Ֆիլիպ Ռիքերը շեշտել են ԱՄՆ դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել վերջինիս այս պատասխանատու պաշտոնում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում