Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը կվերապատրաստի 40 բուժքույրերի
2 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջեւ գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը Գավառ եւ Սեւան համայնքների բուժկետերի եւ բուժամբուլատորիաների բուժքույրերի համար իրականացնում են վերապատրաստման դասընթացներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վերապատրաստումներն ընթանում են «Հղիության ընթացքում հանդիպող խնդիրներ, ծննդաբերություն, հետծննդաբերական շրջան, կրծքով կերակրում» թեմայի շրջանակում։
Յուրաքանչյուր համայնքից վերապատրաստման դասընթացներին կմասնակցի 17-22 բուժքույր։
Գավառում կայացած հանդիպմանը Ֆրանսիայից ժամանած վերապատրաստող մասնագետներին եւ դասընթացի մասնակից բուժքույրերին ողջունել են Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները։
Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության պատասխանատուները եւ վերապատրաստող մասնագետներն էլ իրենց հերթին հույս են հայտնել, որ սեղմ ժամկետում կարող են վերապատրաստվող բուժքույրերին փոխանցել իրենց մասնագիտական հարուստ փորձը։
Խոսրով Խլղաթյան