Ծանր և քիմիական արդյունաբերությունից մինչև ռազմական արտադրանք. ինչպես են 5-ամյա պլանները նպաստել Կորեայի տնտեսության թռիչքային զարգացմանը
10 րոպեի ընթերցում
![Ծանր և քիմիական արդյունաբերությունից մինչև ռազմական արտադրանք. ինչպես են 5-ամյա պլանները նպաստել Կորեայի տնտեսության թռիչքային զարգացմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/08/1091015.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի տնտեսական կյանքում առանձնակի տեղ ու դեր ունի Կորեայի զարգացման ինստիտուտը (Korea development institute), որը հիմնադրման պահից ի վեր իրականացնում է հետազոտական և վերլուծական հսկայական աշխատանք, ինչն էլ երկրի ղեկավարության համար հիմք է ծառայում տնտեսական քաղաքականությունը մշակելու և կյանքի կոչելու համար։
Կորեայի զարգացման ինստիտուտը հիմնադրվել է 1971 թվականին։ Ձևավորման պահից մինչև 1996 թվականը ինստիտուտը մշակել և պետության ղեկավարությանն է ներկայացրել տնտեսության զարգացման 5-ամյա պլաններ, որոնք հետևողականորեն կյանքի են կոչվել՝ ապահովելով երկրի տնտեսության թռիչքային զարգացումը։ 1996 թվականից 5-ամյա պլանների իրագործման քաղաքականությունը դադարեցվել է, սակայն ինստիտուտը շարունակում է սերտորեն աշխատել պետության հետ՝ աջակցելով տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման հարցում:
5-ամյա պլանների մշակման և իրագործման քաղաքականությունը, սակայն, սկսվել է ավելի վաղ։ Որպեսզի ընդհանուր պատկերն ավելի պարզ դառնա, գանք հեռվից։
1961 թվականին գեներալ Պակ Չանհին իր ձեռքում է կենտրոնացրել քաղաքական իշխանությունը՝ որպես տնտեսական քաղաքականության առաջնահերթություն հռչակելով արդեն հնացած համարվող ագրոտնտեսական մոդելից անցումը ժամանակակից արդյունաբերական տնտեսության։ Այս հարցում հաջողության հասնելու համար Պակ Չանհին կարևորել է կենտրոնացված կառավարումը։ Կորեայի տնտեսության մոդելը ներառել է ինչպես ինտերվենցիոնիզմի, այնպես էլ ազատ առևտրի տարրեր։ Հենց նրա կառավարման տարիներին են երկրում ձևավորվել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր խոշոր կոնգլոմերատները։ Պետությունն իր վերահսկողության տակ է վերցրել երկաթուղիները, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման աղբյուրները, ավտոճանապարհներն ու նավահանգիստները, իրականացվել է մասշտաբային ազգայնացում․ ողջ բանկային համակարգն անցել է կառավարության վերահսկողության տակ, ձեռնարկվել են միջոցառումներ գյուղատնտեսության վիճակը կայունացնելու ուղղությամբ։ Կառավարությունը ներել է գյուղացիների պարտքերը պետության հանդեպ․ ընդունել է գյուղատնտեսական արտադրանքի գների կայունացման ծրագիր, պայմաններ է ստեղծել ազատ միջոցների հոսքը բանկեր ապահովելու համար, ինչի շնորհիվ հեշտացել է վարկերի տրամադրումը։ Քայլեր են ձեռնարկվել արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում էր հարավկորեական ապրանքների մրցունակության բարձրացում։ Արդյունաբերության առանցքային ճյուղեր են ճանաչվել էլեկտրոնիկայի արտադրությունը, նավաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը։ Հենց այս ամենի համատեքստում էլ ներկայացվել է երկրի տնտեսության զարգացման առաջին 5-ամյա պլանը (1962-1966թթ․)։
Առաջին պլանը, որը մշակել է Կորեայի կառավարման գերագույն մարմինը՝ Ազգային վերակազմավորման գերագույն խորհուրդը, ներառում էր արդյունավետ արդյունաբերական զարգացում ապահովելու սկզբնական քայլերը։ Շեշտը դրվել է արդյունաբերության այնպիսի ճյուղերի զարգացման վրա, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի, հանքային պարարտանյութերի, արտադրությունը, նավթային արդյունաբերությունը, ցեմենտի արտադրությունը։ Զարգացման 5-ամյա առաջին պլանում հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության մակարդակի բարելավմանը։
5-ամյա երկրորդ պլանը (1967-1971) ենթադրում էր արդյունաբերության արդիականացում և առաջին հերթին այն ճյուղերի զարգացումը, որոնք կարող էին արտադրել այն ապրանքները, որոնք Կորեան ներմուծում էր այլ երկրներից։ Առաջնահերթություն են դարձել մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։
1971 թվականից սկսած՝ 5-ամյա պլանները սկսել է ներկայացրել Կորեայի զարգացման ինստիտուտը։ Երրորդ 5-ամյա պլանի (1972-1976 թթ) ժամանակահատվածում Կորեան կենտրոնացել է արտահանման միտված տնտեսական համակարգ ձևավորելու վրա։ Շեշտը դրվել է ծանր և քիմիական արդյունաբերության վրա, այդ թվում՝ մեքենաշինությունը, նավաշինությունը, էլեկտրոնիկայի արտադրությունը, նավթարդյունաբերությունը։
Այնուհետև KDI-ը ներկայացրել է ևս չորս 5-ամյա պլաններ (1977-1981, 1982-1986, 1987-1991, 1992-1996), որոնց ընթացքում, չնայած քաղաքական ղեկավարության փոփոխություններին, ամրապնդվել են նախկին ձեռքբերումները, ավելացել են նոր առաջնահերթ ուղղություններ։
Առաջին 5-ամյա պլանի գործարկումից ի վեր Հարավային Կորեայի տնտեսությունը սկսել է աճել արագ տեմպերով, էականորեն փոխվել է դրա կառուցվածքը: 1962 թվականից մինչև 1989 թվականը համախառն ազգային արդյունքը միջինում ավելացել է 8 տոկոսով՝ 1962 թվականի 2.3 միլիարդ դոլարից 1989 թվականին հասնելով 204 միլիարդ դոլարի: 1962 թվականին երկրում բնակչության տարեկան միջին եկամուտը մեկ մարդու հաշվով կազմել է 87 դոլար, իսկ 1989 թվականին հասել է 4830 դոլարի: 1962 թվականին արդյունաբերական սեկտորի բաժինը համախառն ազգային արդյունքում եղել է 14.3 տոկոս, իսկ 1987 թվականի դրությամբ հասել է 30 տոկոսի:
Կորեայի մշակույթի և տեղեկատվության ծառայության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում«Արմենպրես»-ը զրուցել էKDI-ի ավագ գիտաշխատող Բյունգ Կու Չոյի հետ։ Նրա խոսքով՝ 5-ամյա պլանների մշակումն ու կյանքի կոչումն արդարացված է, ինչի վկայությունը Հարավային Կորեայի տնտեսական զարգացման բարձր մակարդակն է։
«1960-ականներին մենք մտածեցինք, որ անհրաժեշտ է սեփական տեխնոլոգիաների կիրառմամբ hասնել տնտեսական զարգացման, իսկ այդ նպատակին հասնելուն ծառայեցին 5-ամյա պլանները։ Մեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվել, դրա համար մենք այսպիսի հաջողությունների ենք հասել»,- նշեց Բյունգ Կու Չոյը։
Նրա խոսքով Կորեան տնտեսական փայլուն արդյունքների է հասել 5-ամյա պլանների իրականացման շնորհիվ, սակայն դրանք կյանքի կոչելու ճանապարհին եղել են նաև խոչընդոտներ և ճգնաժամային իրավիճակներ, որոնք հնարավոր է եղել հաղթահարել ճկուն քաղաքականության շնորհիվ։
«4-րդ պլանի իրականացման ժամանակ նախագահ Պակ Չանհին մահացավ, և 1960-ականների վերջից մինչև 1970-ականների կեսերը մեր երկիրը բախվեց տնտեսական և քաղաքական ճգնաժամի։ Նաև կար կոնֆլիկտը Հյուսիսային Կորեայի հետ, իսկ այդ ժամանակ Հյուսիսային Կորեան ավելի հարուստ երկիր էր տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով։ Մենք այդ ժամանակ հիմնականում արտահանում էինք թեթև արդյունաբերական արտադրանք՝ շոր, կոշիկ և այլն։ Խնդիրը նրանում էր, որ այդ արտադրանքն ունեին և արտահանում էին շատ այլ երկրներ ևս, ուստի մենք հասկացանք, որ պետք է կենտրոնանանք այլ ուղղությունների վրա։ Նպատակ կար զարգացնել ռազմական և պաշտպանական արդյունաբերությունը։ Սակայն այդ ժամանակ Կորեան չուներ նման հնարավորություններ, ուստի 1973 թվականից մեր երկիրը սկսեց զարգացնել ծանր և քիմիական արդյունաբերությունը»,- մանրամասնեց Չոյը։
Թե ինչպես է Հարավային Կորեային հաջողվել 5-ամյա պլանների օգնությամբ հասնել տնտեսական թռիչքային զարգացման, Բյունգ Կու Չոյը շատ պարզ բացատրություն ունի։ Նրա խոսքով՝ շատ երկրներ են տնտեսության զարգացման պլաններ մշակել, սակայն մի բան է նման պլաններ մշակելը, մեկ այլ բան դրանք իրապես կյանքի կոչելը։ Նրա գնահատմամբ՝ այդպիսի պլանները պետք է առաջին հերթին լինեն իրականանալի, ոչ թե զուտ գեղեցիկ խոստումներ թղթի վրա։
Մասնագետը նշեց ևս մեկ կարևոր հանգամանք․ Հարավային Կորեայի ղեկավարները, ամեն անգամ նոր ճգնաժամի բախվելիս, փոխել են զարգացման պլանները նոր իրավիճակին հարմարվելու և ճգնաժամը հաղթահարելու համար։
Ըստ բանախոսի՝ Կորեայի յուրահատկությունը նաև նրանում է, որ այս երկրում տնտեսական զարգացման պլաններն առաջ մղելու հարցում մեծ դեր և ազատություն ունեն մասնավոր ընկերությունները։ «Այլ երկրներում կառավարությունն է առաջ մղում տնտեսական զարգացման պլանը, բայց մեր երկրում մասնավոր ընկերություններն այդ առումով ազատություն են ստացել։ Դրա համար Samsung և Hyundai ընկերություններն այն ժամանակ կայացան, լուրջ զարգացում ապրեցին և մինչ օրս շարունակում են իրենց զարգացման ընթացքը»,- ասաց Չոյը։
Այս պահին Հարավային Կորեան նաև սեփական ռազմական արտադրանքն ունի․ երկիրն արտադրում է տանկեր, հրթիռներ, կործանիչներ, որոնք, ըստ Բյունգ Կու Չոյի, բավականին լավ վաճառվում են։ Հարավային Կորեան սկսել է սեփական ռազմական արտադրանքն ունենալ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ կարողացել են ստանալ փլուզված Միության ռազմական տեխնոլոգիաները։ «Դրա հիմքի վրա մենք հասանք ռազմական արդյունաբերության զարգացման, իհարկե, մեր ստացած տեխնոլոգիաները զարգացնելու, կատարելագործելու եղանակով։ Հիմա մենք ռազմական արտադրանքի պատվերներ ունենք Լեհաստանից, Նորվեգիայից, այլ երկրներից»,- նշեց նա։
Հարցազրույցից առաջ շրջայց էինք կատարել նաև Գլոբալ գիտելիքի փոխանակման և զարգացման կենտրոնում, որտեղ ներկայացված են ժամանակակից Կորեայի տնտեսական զարգացման մոդելներն ու հիմնական ուղղությունները՝ ըստ ժամանակագրության:
Շանթ Խլղաթյան
Լուսանկարները` PENTA PRESS-ի