Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ մտահոգում են. ԶՈՒ ԳՇ պետ
1 րոպեի ընթերցում
Շփման գծում իրավիճակը հարաբերականորեն կայուն է, սակայն ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները մնում են ուշադրության կենտրոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում։ Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ այդ հայտարարություններին»,- ասաց ԳՇ պետը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարություններին։
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիների մտահոգություններին՝ Էդվարդ Ասրյանը նշեց, որ դրանք հիմնավոր են, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։
«Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք՝ գնում ենք խաղաղության ճանապարհով, այն է՝ սահմանագծման և սահմանազատման ճանապարհով։ Զինված ուժերն էլ շարունակում են զարգանալ, կատարելագործվել և համալրվել»,- ընդգծեց ԶՈւ ԳՇ պետը։