Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-29/22.  Մարտիրոսյան, ֆոն Զախեր-Մազոխ, Քոնան Դոյլ, Պուխով 

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-29/22.  Մարտիրոսյան, ֆոն Զախեր-Մազոխ, Քոնան Դոյլ, Պուխով 

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Վահրամ Մարտիրոսյան, «Մեջքով երազի քո կեսին հենված»

«Մեջքով երազի քո կեսին հենված» ժողովածուն Վահրամ Մարտիրոսյանի տպագրված ու անտիպ գործերի ընտրանին է: Այն կարծես նաև պոեզիայի վերջին հարյուրամյակի միտումների յուրօրինակ արտացոլումն է՝ անցումը մեղեդային սիրերգերից փորձարարություններ, զգացմունքային հնչեղ բռնկումներից ազատ բանաստեղծության շշուկով հաղորդակցությունը ընթերցողի հետ, համաստեղծագործությունը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն

Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխ, «Մուշտակով Վեներան»

«Մուշտակով Վեներան» ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի ամենահայտնի ստեղծագործությունն է։ 1869 թվականին ամսագրային տարբերակի հրապարակումից հետո ստեղծագործությունն ընդգրկվել է «Կայենի ժառանգությունը» շարքի առաջին հատորում։ Գլխավոր հերոսը` Սևերինը, մի կնոջ հանդեպ ունենում է էրոտիկ երևակայություն, որտեղ այդ կինը նրան նվաստացնում է։ Հզոր ու գեղեցիկ կնոջ իդեալը նա անվանում է «Մուշտակով Վեներա»։ Կարպատյան հանգստավայրում Սևերինը հանդիպում է արտասովոր մի այրի կնոջ` Վանդա ֆոն Դունաևին, որը գրավում է անտիկ զգայականության փիլիսոփայությամբ և քրիստոնեական ամուսնության նախապաշարմունքների մերժմամբ։ Որոշելով, որ իր առջև նույն «Մուշտակով Վեներան» է, Սևերինը անմնացորդ սիրահարվում է նրան և հրավիրում իրականացնելու իր գաղտնի երևակայությունը։ Սկզբում Վանդան մերժում է, սակայն հետզհետե նրան սկսում է ավելի դուր գալ ու հուզել տիրուհու և ստրուկի խաղը, քան Սևերինին։ Գերմաներենից թարգմանեց Վանուհի Բաղմանյանը։ Գիրքը լույս է ընծայել «Դարակ» հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն

Սըր Արթուր Քոնան Դոյլ, «Կորուսյալ աշխարհ»

1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհ» գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող մի քանի գրքերից առաջինն է: Վեպում նկարագրվում են բրիտանական արշավախմբի արկածները Ամազոնի ջունգլիներում, որտեղ նրանք հայտնաբերում են դինոզավրերի և իրար դեմ պատերազմող կապկամարդկանց, տեղաբնիկ հնդկացիների մի աշխարհ: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի, Էլիզա Սարգսյանի, Շուշան Փայտյանի, Շուշաննա Վասիլյանի, Քրիստինե Չիլիգարյանի, Արփինե Վարդանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն

Ռուսլան Պուխով, «Փոթորիկ Կովկասում»

Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմին (2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր): Աշխատությունը քննում է հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, ընթացքը և հետևանքները ներգրավված բոլոր կողմերի համար: Հետազոտության հեղինակները վերլուծում են ռազմական և ռազմատեխնիկական այն ասպեկտները, որոնք ազդել են պատերազմի ելքի վրա։ Քննության նյութ են դարձել Հարավային Կովկասի առանցքային խաղացողների, նաև Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական բարդ հարաբերությունները:

Այսօր պետությունները հայտնվել են դանդաղ հոսանքում՝ ծանր հարվածների ու նոր նավաբեկությունների վտանգի ճիշտ մեջտեղում։ Ղարաբաղում պատերազմն այդպիսի նավաբեկություն էր, որը բոլորի համար փոխեց ամեն ինչ, առաջին հերթին բախումների ուղղակի մասնակիցների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի։ Իսկ Վաշինգտոնի և Փարիզի համար որքանո՞վ էին կարևոր պատերազմի օրերին տապալված նրանց միջնորդական ջանքերը։ Ռուսաստանի համար ի՞նչ է նշանակում միջնորդական դերը չկորցնելը, երբ կորսված է ավելին։ Պատերազմի ելք ցամաքում, որը կանխորոշված էր օդում։ Առանձին անդրադարձ կա Հայաստանի ղեկավարության քայլերին, որոնք չկատարվեցին, և որոնց վերաբերող հարցերը դեռ հնչում են։ Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում