Հասարակական

Մեկնարկել է Համահայկական հայագիտական օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի աշակերտական խմբեր

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Համահայկական հայագիտական օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի աշակերտական խմբեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղվերանում մեկնարկել է Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի (7 երկրներ) աշակերտական խմբեր (50 պատանի)։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ օլիմպիադան կտևի մինչև օգոստոսի 11-ը:

Համահայկական օլիմպիադան 2003 թվականից պետական ծրագրի շրջանակում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառում է, որը խրախուսում է արտերկրում բնակվող հայ երեխաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը, օգնում նրանց ճանաչել Հայաստանը և ավելի շատ սիրել հայրենիքը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադայի առանձնահատկություններից է այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում նաև 14-18 տարեկան այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներին:

2020-2021 թթ. նախատեսված համահայկական հայագիտական և բնագիտական օլիմպիադաները չեղարկվել էին COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով: Հաշվի առնելով երկու տարվա ընդմիջումը՝ այս տարի այն անցկացվում է ստուգատեսի ձևաչափով:

Ծրագրում, բացի մրցույթներից, նախատեսված են ուսուցողական, ժամանցային միջոցառումներ: Երեխաները կայցելեն Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզման, և Աղձք՝ Արշակունիների դամբարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում