ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն. Հուսիկ Արա, «Կորած սերունդ»
Գիրքն ամփոփում է Հուսիկ Արայի՝ 1988-2021 թթ. գրված բանաստեղծություններն ու պոեմները՝ թեմատիկ ընտրությամբ, որն Ազգային զարթոնքի, Արցախյան ազատամարտի, վերակերտած խորհրդանիշների և մեր ոգու բանաստեղծական անդրադարձն է: Ժողովածուն կազմվել է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն. Սթիվեն Քինգ, «Փայլատակում»
«Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնելու իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…Թարգմանությունն անգլերենից` Լուսինե Ղալումյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Մանկապատանեկան գրականություն. Էլիզաբեթ Պետրոսյան, «Ինչու է խոտը կանաչ»
«Ինչու է խոտը կանաչ» պատկերազարդ գիրքը լավագույն նվերն է հետաքրքրասեր երեխաների ու նրանց ծնողների համար: Ավելի քան հարյուր հարցերն այստեղ դասակարգված են ըստ թեմաների ու բաժինների, որոնց անցումներում կգտնեք անակնկալ վիկտորինաներ, հանելուկներ ու խաղեր: Պարզ, հասկանալի և ինֆորմատիվ այս գիրքը, որն անհամեմատ մատչելի գին ունի, արդեն իսկ հասցրել է սիրվել հարյուրավոր ընթերցողների կողմից: Խմբագիր՝ Վահե Ղուկասյան: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը:
Փաստավավերագրական գրականություն. Անանիա Շիրակացի, «Աշխարհացույց: Տիեզերագիտություն: Այլ աշխատություններ»
Միջնադարի հայ մտածող, տոմարագետ, տիեզերագետ, մաթեմատիկոս և աշխարհագրագետ Անանիա Շիրակացու աշխատությունների սույն ժողովածուն նպատակ ունի փաստելու, որ հայ գիտական մտքի զարգացումը դեռևս վաղ ժամանակներից դրվել է ամուր հիմքերի վրա: Մինչ այժմ Շիրակացու աշխատությունների մեծ մասը չի կորցրել իր արդիականությունը. հատկապես «Աշխարհացույցը» միտված է հիշեցնելու և վերարժևորելու մեր՝ հայրենիքի մասին գիտելիքները:
Անանիա Շիրակացին միջնադարյան հայ գիտական մտքի հիմնասյուներից է: Մ. Աբեղյանը Շիրակացուն համարել է բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ: «Ինչքան էլ Անանիայից առաջ եղել է հայերի մեջ տոմարի ծանոթություն, բայց և այնպես մեր այս «համարողն» իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտության, տիեզերագիտական և օդերևութաբանական գիտելիքների համար»,- գրել է նա: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը