Podcast. ինչ են խորհրդանշում Վարդավառի տոնի ժողովրդական սովորույթները

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի հուլիսի 24-ին է տոնում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Սա շարժական տոն է, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում: Վարդավառի տոնին, ինչպես բոլոր տաղավար տոներին, նախորդում է շաբաթապահք:

Թեմայի շուրջ «Արմենպրեսի»-ի «Podcast» տաղավարում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու և երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի և ԱՀԹ-ի երիտասարդաց միությունների փոխատենապետ Անի Թովմասյանի հետ:

Քրիստոսի Պայծառակերպությունը՝ Վարդավառը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է եւ խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Համաձայն Ավետարանի` Քրիստոս իր քարոզչական գործունեության երրորդ տարվա ամռանը, իր մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասածությունից վեց օր անց, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում և այլակերպվում է. «Դեմքը փայլեց՝ ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը»(Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29):

Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9.31):

Սքանչելի տեսարանից զմայլված Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք վրաններ շինենք, մեկը` քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով սարսափած առաքյալներին` Հիսուսը նրանց պատվիրում է առայժմ չհայտնել տեսածի ու լսածի մասին` մինչև Աստծու Որդու խաչելությունը և Հարությունը:

Սուրբ Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս այն մասին, թե ինչո՞ւ Տիրոջ երկու կողմերում Մովսես և Եղիա մարգարեները հայտնվեցին: Մովսեսն ու Եղիան ներկայացնում էին Օրենքը և մագարեներին: Սրբանկարներում Մովսեսին սովորաբար պատկերում են քարե տախտակներով, որոնց վրա գրված է Օրենքը, իսկ Եղիան պատկերվում է նիհար, երկար մազերով (երբեմն ձեռքին թղթափաթեթ): Երկուսն էլ ունեցել են Աստծու տեսիլքը. Մովսեսը`Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19.8-18): Եղիա և Մովսես մարգարեները պատկերավոր կերպով ներկայացնում էին Կյանքը և Մահը: Մովսեսը մահացավ`այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի երկինք վերացավ կրակե երկանիվով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի`նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի`երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոսն է Օրենսդիրը և չի դրժում Աստծու Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի (Սբ. Գրիգոր Տաթևացի,«Քարոզ Վարդավառի»):

Ժողովրդական սովորույթների համաձայն՝ այս տոնը առավել հայտնի է Վարդավառ անունով: Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ անվանման բազում ձևեր, որը հիմնականում պայմանավորված էր հայոց ներէթնիկ խմբերի բարբառային առանձնահատկությամբ, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի անվանումներով. Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ): Չնայած անվանումների բազմազանությանը՝ հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր արարողակարգ:

Որոշները կարծում են, թե Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին պահպանել է հեթանոսական ծագում ունեցող տոներ, որոնք քրիստոնեականացրել է: Բայց ըստ հայ եկեղեցու հոգևոր հայրերի մեկնաբանության՝ Քրիստոնեական տոների մեջ հեթանոսական ծագում ունեցող տոներ չկան: Այդ տոների օրինակ ` Վարդավառ կամ Տեառընդառաջ, առկա են հեթանոսական ժամանակներից պահպանված ժողովրդական ավանդույթներ, որոնք հեթանոսական հավատալիքների հետ ոչ մի կապ չունեն, դրանք պարզապես ժողովրդական սովորույթներ են, որ պահպանվում են մինչև այժմ:

Տաթևացին ասում է, որ եթե հեթանոսները պաշտում են կրակը կամ ջուրը, ապա մենք`քրիստոնյաներս, դրանք ծառայեցնում ենք կենդանի Աստծուն: Օրինակ`ջուրը, որ Վարդավառին ցողում են մարդկանց վրա, որպես մաքրության նշան, հատուկ է գրեթե բոլոր կրոններին և դժվար է ասել, թե այն հեթանոսական է կամ այլ կրոնին պատկանող իրողություն: Հին կտակարանում էլ ջուրը եղել է մաքրության նշան»:

Պայծառակերպության տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը և աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչը Աստվածորդու փառքի երևման առիթով մեծ ուրախության արտահայտությունն է: Վարդավառ ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:

Սբ. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի`վարդի հետ համեմատության. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով`երևում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչև այլակերպությունը Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Նա վարդի չորս գուներանգները`կանաչ, կարմիր, սպիտակ, դեղին, համեմատում է`դեղինը Քրիստոսի անմեղության, սպիտակը`Աստվածության, կարմիրը`խաչի վրա հեղված Նրա Արյան և կանաչը` Նրա հասակի գեղեցկության հետ (Սբ. Գրիգոր Տաթևացի,«Քարոզ Վարդավառի»): Ինչպես վարդը փշերի մեջ է բուսնում, այդպես էլ մեր Տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին նրան:

Վարդավառյան ավանդական ուխտագնացությունը կատարվում էր դեպի մոտակա սրբավայրեր՝հատկապես Խուստուփ լեռան սրբավայրերը:

Այդուհանդերձ, վարդավառյան համահայկական նշանավոր ուխտավայրը Մշո Սուրբ Կարապետն էր: Պատահական չէ, որ շատ տեղերում (օրինակ`Կեսարիայում) ավանդական այդ տոնը կոչվում էր «Սուրբ Կարապետ»: Ուխտավորներն օրերով էին մնում այդ սրբավայրերում, ուր կազմակերպվում էին ամենատարբեր միջոցառումներ: Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին եկեղեցի տանում`խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Եկեղեցու բեմը և սեղանը զարդարում էին հազարավոր ծաղիկներով ու վարդի փնջերով:

Չնայած Հիսուսի պայծառակերպությունը կատարվեց Նրա Հարությունից առաջ, սակայն տոնը նշվում է Հարության տոնից հետո, համաձայն Հիսուսի`առաքյալներին տված պատվիրանի`չհայտնել Իր այլակերպության մասին՝ մինչև խաչելություն և Հարություն:

Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է` հիշատակի օր, երբ ննջեցյալների հոգիների համար մատուցվում է սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծու Որդին է: Աստծու պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները, հետևել դրանց և կյանքի վերածել:

Հեղինակ և վարող՝ Տաթև Զաքարյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն Español

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը