«Նոր գիրք»-24/22. Հովսեփյան, Քրիստի, Սպիվակովա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Սարգիս Հովսեփյան, «Հանդարտություն»

«Հանդարտություն» վեպը էքզիստենցիալ դրամա է` դետեկտիվ տարրերով, որի իրադարձությունները ծավալվում են Հայաստանի` անկախություն ձեռք բերելուց հետո ընկած ժամանակահատվածում և շարունակվում են մինչև 2018 թվականը:

Նախատեսված է 18+ տարիքի ընթերցողների համար: Գիրքը լույս է ընծայել «Մետրո»-ն:

Թարգմանական գրականություն

Ագաթա Քրիստի, «Դիակը գրադարանում»

Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջ: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանն աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել: Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Սաթի Սպիվակովա, «Իրական դասական»

Երաժշտության աշխարհի իր բացահայտումները Սաթի Սպիվակովան զետեղել է մեկ ժողովածուի մեջ։ Տասը տարի հեռուստատեսությամբ հեռարձակվող մշակութային հաղորդաշարի 300-ից ավելի հարցազրույցներից նա իր գրքում ընդգրկել է մի քանի տասնյակը, նրանք, որոնցում հերոսի անհատականությունն ի հայտ է գալիս երաժշտության միջոցով։ Գրքում ամբողջացված են ռուսական եւ արտասահմանյան նշանավոր արվեստագետների հուշերն ու գեղագիտական պատկերացումները։ Սաթի Սպիվակովան արվեստին, գիտությանը եւ փիլիսոփայությանն առնչվող զրույցների միջոցով ի հայտ է բերում իր զրուցակիցների երաժշտական աշխարհընկալումը։

Յուրաքանչյուր հարցազրույցի համար Սաթի Սպիվակովան նախաբան է գրել, իսկ որպես վերջաբան կցել է իր զրուցակցի համար կարեւոր երաժշտական ստեղծագործությունները, որոնք օգնում են ընթերցողին լիարժեք ընկալել մեր ժամանակների մեծագույն մտածող անհատների հոգեկերտվածքը։

Մայա Պլիսեցկայա, Ռոդիոն Շչեդրին, Տատյանա Չեռնիգովսկայա, Ֆանի Արդան, Վալենտին Գաֆտ, Սերգեյ Յուրսկի, Անդրեյ Կոնչալովսկի, Շառլ Ազնավուր... Բոլոր հյուրերը Սաթի Սպիվակովային հարազատ են ու մտերիմ, զրույցներն էլ ոչ թե հաղորդավարի եւ հյուրի միջեւ են, այլ վաղեմի ընկերների։ Թարգմանիչ՝ Անուշ Մարտիրոսյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ