Քաղաքականություն

Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին. դեսպան Անն Լույո

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին. դեսպան Անն Լույո

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Երևանի դեսպանությունում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Իր ելույթում դեսպան Լույոն նշեց, որ Բաստիլի գրավման օրը՝ Հուլիսի 14-ը, որը Ֆրանսիայում նշվում է որպես Ազգային տոն, լավ առիթ է հիշեցնելու ոչ միայն Ֆրանսիայի՝ «խորապես եվրոպական երկիր» լինելու, որոշակի արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, լեզվամշակութային բազմազանությանը իր հավատարմության, այլև Ֆրանսիայի և Հայաստանի եղբայրական կապերի և ընդհանուր հանձնառությունների մասին:

Ըստ դեսպանի՝ Ֆրանսիան հանուն ժողովրդավարության ողջունում է Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված կառավարության բարեփոխումները, իսկ հանուն անվտանգության՝ աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

«Հանուն անվտանգության՝ Ֆրանսիան, ինչպես գիտեք, աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի տարածաշրջանի բոլոր բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը: Այս համատեքստում, Ֆրանսիան, ինչպես Միացյալ Նահանգները, լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին: Ֆրանսիան, բնականաբար, սատարում է այս ուղղությամբ Եվրամիության կողմից գործադրվող ակտիվ ջանքերը», - հայտարարեց Ֆրանսիայի դեսպանը:

Դեսպան Լույոյի խոսքով՝ Հուլիսի 14-ը լոկ պատմական իրողություն չէ, այն ապագայի և կամքի խորհրդանիշն է, իսկ Հայաստանը բնական խաչմերուկ է, կամուրջ ազդեցության ոլորտների, մշակույթների, առևտրային շուկաների միջև, և Ֆրանսիան վճռական է օգնել Հայաստանին վերականգնելու այս ավանդույթը՝ օգնելով նրան կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

«Մենք ողջունում ենք այս ուղղությամբ գործադրված կառավարության ջանքները», - հավելեց Ֆրանսիայի դեսպանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար հարթակ տրամադրելու նպատակով: 1994 թվականից ի վեր բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ընթացել են Մինսկի խումբը համանախագահող երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հովանու ներքո:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում