Սպորտ

Գյումրիում ազդարարվեց 2023-ի Համահայկական ամառային ութերորդ խաղերի մեկնարկի մասին

3 րոպեի ընթերցում

Գյումրիում ազդարարվեց 2023-ի Համահայկական ամառային ութերորդ խաղերի մեկնարկի մասին

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին. խաղերի մեկնարկի մասին ազդարարվեց Շիրակի մարզպետարանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետը հուլիսի 13 -ին ընդունեց Հայաստան համահայկական խաղերի պատասխանատուներին` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի նախագահությամբ։

Հանդիպմանը ներկա էր նաև է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ողջունելով խաղերը Գյումրիում անցկացնելու գաղափարը՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հույս հայտնեց, որ քաղաքն ու մարզը կկարողանան ըստ պատշաճի այդ ամենը կազմակերպել՝ մոբիլիզացնելով ողջ ուժերը:

«Այս հանդիպումը համարենք Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը: Ուզում եմ շնորհավորել գյումրեցիներին, պարտավորեցնող է Համահայկական խաղերի բացումը անելը ցանկացած քաղաքում, իսկ Գյումրին միաձայն ընտրվել է խաղերի բացման մայրաքաղաք: Պետք է տեսնենք, թե ինչ հնարավորություն ունենք Գյումրիում մարզական խաղերը անցկացնելու, քանի որ ունենք 17 մարզաձև: Վստահ եմ, որ հանրապետության ամենամարզական քաղաքում խաղերը լավ կանցկացվեն»,- նշեց Իշխան Զաքարյանը:

Ներկայացնելով խաղերի անցկացման տարեգրությունը՝ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ 1999 թվականին անցկացվող խաղերին մասնակցում էր 1141 մասնակից՝ 23 երկիր՝ 7 մարզաձև, իսկ 2015 թվականին արդեն արձանագրվել է 6540 մասնակից: Համահայկական 7-րդ խաղերն անցկացվեցին Ստեփանակերտում՝ ունենալով 5244 մասնակից: Այս ընթացքում անցկացվել է նաև մեկ ձմեռային խաղեր՝ Ծաղկաձորում: «Որոշում ենք կայացրել, որ ամառային 8-րդ խաղերից անմիջապես հետո պատրաստվում ենք ձմեռային երկրորդ խաղերին՝ կրկին Ծաղկաձորում»,-նշեց Իշխան Զաքարյանը՝ ընդգծելով, որ խաղերը բացարձակապես ապակուսակցական հենքի վրա է դրված, և դրանց միջոցով լավագույնս է իրականացնում Հայաստան-Սփյուռք կապը:

Նշվեց, որ որոշ մարզաձևերի մրցումներ անցկացվելու են Արագածոտնի մարզում, իսկ փակման հանդիսավոր արարողությունը կլինի Երևանում:

Ներկայացնելով մարզի կարողությունները՝ նշվեց որ Գյումրիում օդանավակայանի ու երկաթուղու առկայությունը առավելություն է: Այս ընթացքում մարզային ու քաղաքային կառույցները կաշխատեն ենթակառուցվածքների ու մարզական կառույցների կարողություններն ու ներուժը զարգացնելու ուղղությամբ։
Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում