Հայաստանում կոռուպցիայի կանխարգելումը ճիշտ ընթացքի մեջ է. քննարկվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիրը
3 րոպեի ընթերցում
![Հայաստանում կոռուպցիայի կանխարգելումը ճիշտ ընթացքի մեջ է. քննարկվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/07/1087998.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոնն ընդգծում է, որ կոռուպցիան իրապես վերացնելը մեծապես կախված է նաև հասարակության ջանքից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջոն Ալելոնն այս մասին ասաց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի մշակմանը նվիրված աշխատաժողովի ընթացքում :
«Իհարկե այստեղ լայնորեն և անընդհատ պետք է ընդգծել ռազմավարական հաղորդակցության և հանրության իրազեկվածության կարևորությունը, իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ մասնավորապես հակակոռուպցիոն բարեփոխումների հաջողությունների վերաբերյալ: Ինչքան մարդիկ ավելի լավ տեղյակ լինեն այս ջանքերի մասին, այնքան ավելի հաջող կլինի պայքարը: Քանի որ այժմ բոլորս այս ուղղությամբ համագործակցում ենք, մաղթում եմ համագործակցության ավելի բարձր մակարդակ 2023-2026 թվականների ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքում»,- ասաց Ջոն Ալելոնը:
Նա ընդգծեց, որ շատ արդյունավետ համագործակցություն են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության հետ և ԱՄՆ ՄԶԳ-ը պատիվ ունի շարունակել բարեվարքության ամրապնդման ուղղությամբ ջանքերը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ նախորդ ռազմավարության նպատակներից մեկը հենց հանձնաժողովի ստեղծում էր, ընդ որում հանձնաժողով, որը ոչ միայն տեղական, այլ միջազգային գնահատականներով կարողանում է վստահություն ու համոզմունք ներշնչել, որ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելումը ճիշտ ուղղության ու ընթացքի մեջ է:
«Սա նշանակում է, որ մենք նաև ռազմավարական խնդիրների տեսանկյունից այլ որակ ենք ապահովելու: Նախորդ ռազմավարությունը այն բազային հարթակն էր, որ տվեց այս մասնագիտացված մարմինների ձևավորման հնարավորությունը, իսկ իրականացումն արդեն ամբողջությամբ տեղափոխվում է այս նոր հարթություն, որը կքննարկենք և կպլանավորենք այս աշխատաժողովում»,-ասաց նա:
Հայկուհի Հարությունյանն ընդգծեց, որ բոլոր քայլերը ավելի մոտ ապագայում յուրաքանչյուր քաղաքացու բերելու են այն համոզմունքին, որ իսկապես համակարգն ունի այն զգայնությունը, որ կոռուպցիան որպես այդպիսին ոչ թե պետք է դրսևորումից հետո պատժել, այլ ուղղակի այն պետք է պատշաճորեն կանխարգելել: