Քաղաքականություն

Պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքները. Իրանի ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

Պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքները. Իրանի ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, ԱԽ քարտուղարներն ընդգծել են երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության կայուն զարգացման միտումը և այդ համատեքստում շեշտել են երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը:

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

Արմեն Գրիգորյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ, ինչի շրջանակներում Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը:

Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում