Հասարակական

Հայաստանից, Արցախից և սփյուռքից շուրջ 200 երիտասարդներ կմասնակցեն համահայկական ուխտագնացությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանից, Արցախից և սփյուռքից շուրջ 200 երիտասարդներ կմասնակցեն համահայկական ուխտագնացությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ այս տարվա հուլիսի 6-10-ը հայրենիքում կանցկացվի «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման գրասենյակից, արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը կմասնակցեն մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, ինչպես նաև՝ թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ, ներկայացուցիչ՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։

Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Ուխտագնացության ընթացքում կկազմակերպվեն այցեր Օշական և այլ սրբավայրեր։

Երիտասարդները կայցելեն նաև Եռաբլուր՝ աղոթք բարձրացնելու «վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։

ՀԵՀԵՄ –ից հայտնում են, որ այս ուխտագնացությունը նախորդներից տարբերվում է ուսուցողական դասընթացների բաղադրիչով։ Կանցկացվի ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթաց։

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.) և «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) համահայկական ուխտագնացությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում