Սփյուռք

Նոր շունչ՝ համայնքային կյանքին. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրով 20 մասնակից կլինի Հայաստանում

7 րոպեի ընթերցում

Նոր շունչ՝ համայնքային կյանքին. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրով 20 մասնակից կլինի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փորձի փոխանակում, հմտությունների զարգացում, կապերի հաստատում, նոր շունչ՝ Սփյուռքի համայնքային կյանքին. այս և այլ ուղղություններով մի շարք հնարավորություններ է ընձեռում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։ Այն արդեն կազմակերպվում է երկրորդ անգամ։

Առաջին անգամ ծրագրին մասնակցել է 20 երիտասարդ աշխարհի 16 երկրից։ Նրանք հնարավորություն են ունեցել երկու շաբաթ լինել Հայաստանում, Արցախում, մասնակցել դասընթացների, աշխատաժողովների, ունենալ հանդիպումներ, քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթամշակութային և այլ հարցերի հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ։

Վերադառնալուց հետո նրանք պարտավորվում են իրենց համայնքներում հանդես գալ ծրագրերով ու նախաձեռնություններով՝ ներդնելով ծրագրի շրջանակում Հայաստանում ձեռք բերած փորձն ու գիտելիքները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի աջակցել այն սփյուռքահայ երիտասարդներին, որոնք ակտիվ ներգրավված են համայնքային կյանքում և ցանկություն ունեն կատարելագործել իրենց գիտելիքները, հմտությունները համայնքներում ավելի արդյունավետ գործունեություն իրականացնելու համար։

«Ծրագիրը հնարավորություն է տալիս նորացնել նրանց գիտելիքները, հաստատել նոր կապեր։ Ծրագրի շրջանակում նրանք լինում են Հայաստանի, Արցախի պետական կառույցներում, բազմաթիվ հանդիպումներ ունենում։ Օրինակ՝ Արցախում հանդիպում ունեցանք Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Արտաքին գործերի նախարարի հետ։ Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում 200 անձի հետ են ծանոթացել, իսկ դա հնարավորություն է տալիս արդեն ուղիղ աշխատել այդ մարդկանց հետ։ Դրանից բացի, մասնակիցները դառնում են մեր գրասենյակի գործընկերները և բարձրացնում են իրենց համայնքներին վերաբերող տարբեր հարցեր, փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է լուծում տալ այս կամ այն խնդրին»,- ասաց ծրագրի ղեկավարը։

Հաջորդ կարևոր գործընթացն այն է, որ մասնակիցները հենց իրենք են կիսում համայնքային աշխատանքների հետ կապված իրենց փորձը։ Նրանք տասնյակից ավելի երկրներից են, և յուրաքանչյուրը տարբեր հմտությունների է տիրապետում, ունի հաջողված ծրագրերի իր փորձը։ Օրինակ՝ ՌԴ-ի մասնակիցը Ֆրանսիայի մասնակցի ներկայացրած փորձն է կարևորել, որ ենթադրում է խաղերի միջոցով կրթական գործընթացը բարելավելու ծրագիր։

Ծրագրի շրջանակում մասնակիցները մեկ տարվա ընթացքում իրականացրել են համայնքային և հայրենադարձության 121 հանդիպում, սոցցանցային 538 և 30 մեդիա հրապարակում, 1 կրթամշակութային կենտրոնի բացում, 1 տեսաֆիլմի ստեղծում, դրամական աջակցության 2 նախաձեռնություն, ցանցային 6 աշխատանք, հայկական շահերի պաշտպանությանն ուղղված 10 ձեռնարկ, համայնքային 2 ուսումնասիրություն և սփյուռքի երիտասարդական քաղաքականության փաստաթղթի շուրջ աշխատանք:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներից է եղել Հարություն Աթոյանը, որը Չիտա քաղաքից է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա պատմում է, որ այն ժամանակ, երբ իմացավ ծրագրի մասին, զբաղված էր Անդրբայկալյան երկրամասի հայկական կրթամշակութային կենտրոնի ստեղծման աշխատանքներով։

«Ես մտածեցի, որ այս ծրագրի շրջանակում հայրենիքում ձեռք կբերեմ բավարար հմտություններ և ծանոթություններ հայկական կենտրոնի արդյունավետ գործունեության համար։ Ծրագրի շնորհիվ ես ավելի վստահ դարձա, սկսեցի ավելի լավ խոսել հայերեն։ Ծանոթանալով այլ երկրներից իմ գործընկերների հետ, որոնք արդեն որոշակի հաջողությունների հասել են, ես հասկացա, որ կարող եմ վերցնել նրանց փորձը և տեղայնացնել՝ հաշվի առնելով մեր համայնքի կարինքները»,- ասաց Հարություն Աթոյանը։

Որպես գործընկերների հետ համագործակցության հաջող օրինակ՝ Հարությունը նշեց, որ իրենց կենտրոնի հայոց լեզվի ուսուցչին ծանոթացրել է Ֆրանսիայից եկած գործընկերոջ հետ փորձի փոխանակման համար։ Կարճ ժամանակ անց Չիտայում իրենց կազմակերպած հայոց լեզվի դասընթացներին մասնակցել ցանկացողների թիվը նկատելի ավելացել է։

«Համայնքային հաշվետվությունը ես պատրաստում եմ շնորհիվ Կրասնոյարսկի իմ գործընկերոջ ներկայացրած մեթոդի։ Նիդերլանդներից մյուս գործընկերս օգնեց ինձ պատրաստել պրոֆեսիոնալ ելույթ հայ լսարանի համար։ Վրաստանի գործընկերս պատմեց, թե ինչպես է բացել հայկական նախակրթարան։ Սա ես ներկայացնում եմ ունեցած օրինակների ընդամենը մի մասը»,- ասաց Հարությունը՝ ավելացնելով, որ այս ծրագիրը նրանց համար է, ովքեր ցանկանում են զարգանալ, աճել գործնական, մասնագիտական առումով և օգտակար գործ անել հայ համայնքի համար։

Ծրագրի մասնակից Սոնա Բաղումյանը երկու տասնյակից ավելի տարի Բելգիայում է ապրում։ Արցախյան քառօրյա պատերազմից հետո նրան հանգիստ չէր տալիս Հայրենիքին ինչ-որ ձևով օգտակար լինելու միտքը։ Վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ սկսում է իր ակտիվ գործունեությունը Բելգիայի հայ համայնքում։

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասին իմանալով՝ մտածեցի, որ այն օգտակար կլինի, և կկարողանամ ինչ-որ բան անել մեր պետության, մեր համայնքի համար։ Երկու շաբաթվա ընթացքում ունեցած հանդիպումները հնարավորություն տվեցին նախ ավելի լավ պատկերացնելու Հայաստանում ու Արցախում առկա իրավիճակը, ավելի լավ հասկանալու, թե սփյուռքում ինչով կարող ենք օգտակար լինել։ Ամենալավ ձեռքբերումներից մեկն այն է, որ կարողացանք թիմում ստեղծել այնպիսի կապ, որով թեմային աշխատանք ենք կատարում տարբեր բնագավառներում»,- պատմում է Սոնան։ Նա ծրագրի շրջանակում կազմակերպել է իրազեկման միջոցառումներ հայրենադարձության մասին, ակցիա է իրականացրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցով։ Կազմակերպել է քննարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերի վերաբերյալ։

Այս տարվա ծրագրի հայտադիմումների ընդունման մեկնարկը տրվել է մայիսի 16-ին, ավարտվելու է հուլիսի 1-ին։ Արդեն կան հայտեր ՌԴ-ից, եվրոպական երկրներից, Վրաստանից, ԱՄՆ-ից։ Ծրագիրն իրականացվելու է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը։ Կրկին 20 հոգի է մասնակցելու։

Աննա Գզիրյան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում