Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգյան հայտնի տնտեսական ֆորումի շրջանակում, որն այս տարի նշում է հոբելյանական 25-ամյակը։ Նրա խոսքով՝ ցանկացած այց հնարավորություն է ընձեռում հանդիպել և քննարկում ունենալ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ձեր խնդիրները մեր խնդիրներն են և այդ տրամաբանությամբ նման հանդիպումների հիմնական նպատակն այն է, որ կարողանանք հասկանալ ձեր անհանգստությունները կամ ձեզ հետաքրքրող հարցերը։ Մյուս կողմից սա նաև հնարավորություն է ընձեռում, որ ձեզ ներկայացնենք Հայաստանում տիրող իրավիճակը։ Տարբեր աղբյուրներից տարբեր տեղեկություններ եք ստանում, սակայն դրանք կարիք ունեն ճշգրտելու, որովհետև շատ դեպքերում իրականությանը չեն համապատասխանում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը: Վահագն Խաչատուրյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքին, հայկական կողմի մոտեցումներին։

ՌԴ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում