ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է սեպտեմբերի վաճառքների հիման վրա:
Մայք Օմերի «Մարդասպանի աչքերով» գիրքն առաջին տեղում է։ Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում։
Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին։ Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է։ Բայց արդյո՞ք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին, նախքան նոր դիակի հայտնվելը քաղաքում․․․Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաև մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։
Քրիս Յուանի «Տան որսը» երկրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:
Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։
Նիթա Փրոուզի «Աղախինը» երրորդ տեղում է։ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչև լույս տեսնելը։ Հայտնի խմբագիր Փրոուզի սպասվող գրքի մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։ Եվ գիրքը, իրոք, ստացվել է: Պատմության կենտրոնում հյուրանոցի միամիտ աղախին Մոլլին է, որը հայտնվել է հայտնի օլիգարխի սպանության, թմրանյութերի շրջանառության և թրաֆիքինգի գործի էպիկենտրոնում, և բոլոր սլաքները ցույց են տալիս միակ մեղավորին՝ Մոլլիին: Բայց արդյո՞ք դա այդպես է: Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Պետրոսյանի։
Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի «Ընձառյուծը» չորրորդ տեղում է։ XX դարի լավագույն իտալական վեպը շատ գրականագետների կարծիքով, Լուի Արագոնն «Ընձառյուծը» համարել է աշխարհում երբևէ գրված ամենամեծ գրքերից մեկը: Հինավուրց ազնվական տոհմից սերող Տոմազի դի Լամպեդուզային գրողական հռչակ է բերել նրա միակ վեպը, այն էլ իր մահից հետո՝ 1958-ին: Գրքին շնորհվեց Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը՝ «Ստրեգա»: 1963-ին Լուկինո Վիսկոնտիի համանուն էկրանացումը, որտեղ խաղում էր Ալեն Դելոնը, վեպին մեծ ճանաչում բերեց: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան։
Հինգերորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:
Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» վեցերորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։
Էրվե Լը Տըլյեի «Անոմալիա»-ն յոթերորդ տեղում է։ Էրվե Լը Տըլյեի 2020–ին լույս տեսած «Անոմալիա»–ն պոլիֆոնիկ վեպ է, որ կարող է ընթերցվել որպես դետեկտիվ վեպ, սոցիալական երգիծավեպ, հոգեբանական վեպ, սիրավեպ, փիլիսոփայական նկրտումներ ունեցող թրիլեր և գիտաֆանտաստիկական վեպ, որը տնտղում է ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնոլոգիական առաջընթացի հնարավոր սահմանները։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Թարգմանիչ՝ Լուսինե Մուսախանյան։
Ալեքս Մայքլիդիսի «Ցասում»-ը ութերորդ տեղում է։ Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:
Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել:
Իններորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:
Տեղ | Փոփ. | Գիրք | | Հրատ. | Քանակ |
1 | 0 | | Մայք Օմեր, «Մարդասպանի աչքերով» | Դավինչի | 158 |
2 | 0 | | Քրիս Յուան, «Տան որսը» | Դավինչի | 72 |
3 | +2 | | Նիթա Փրոուզ, «Աղախինը» | Դավինչի | 52 |
4 | նոր | | Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզա, «Ընձառյուծը» | Անտարես | 52 |
5 | +1 | | Էլիֆ Շաֆաք, «Ստամբուլի բիճը» | Անտարես | 52 |
6 | * | | Ալեքս Մայքլիդիս, «Կույսերը» | Newmag | 35 |
7 | նոր | | Էրվե Լը Տըլյե, «Անոմալիա» | Զանգակ | 35 |
8 | -6 | | Ալեքս Մայքլիդիս, «Ցասում» | Դավինչի | 34 |
9 | -5 | | Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել» | Զանգակ | 31 |
10 | * | | Պաուլու Կոելյու, «Ալքիմիկոսը» | Անտարես | 27 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: