Քաղաքականություն

Միրզոյանը բուլղարացի պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

3 րոպեի ընթերցում

Միրզոյանը բուլղարացի պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը և Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովը համակարծիք էին, որ տարիների ընթացքում երկու երկրների միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում հաստատվել է արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական կապերի, փոխադարձ համակրանքի ու վստահության վրա։ Ընդգծվել է Բուլղարիայում հարյուրամյակներ շարունակ գործող հայ համայնքի զգալի դերը հայ-բուլղարական կապերի ամրապնդման գործում։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել խորհրդարանական դիվանագիտությանը` որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություն` այդ առումով նշելով պատգամավորական խմբերի միջև շփումների և միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում կողմերըմտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Բուլղարիայի միջևառևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունների շուրջ, ինչի համար առկա է ավելի քան 60 փաստաթուղթ ներառող հարուստ իրավապայմանագրային հենք:

Նախարար Միրզոյանն իր զրուցակիցներին է ներկայացրելԼեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների զարգացումները։ Կողմերը համակարծիք էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իր համապարփակ լուծումը պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում՝ խաղաղ բանակցությունների միջոցով։

ՀՀ ԱԳ նախարարը նաև առանձնահատուկ ընդգծել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը և ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում