Երևանում կկայանա թվային փոխակերպմանը նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանում հունիսի 17-ին կկայանա SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է թվային փոխակերպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի պետական պաշտոնյաները, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները և արտերկրից հրավիրված փորձագետները կքննարկեն թվային փոխակերպման կարևորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում: Այս տարվա թեմաներն են՝ թվային փոխակերպում, ֆինթեք և կիբեռանվտանգություն։

Միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշեց, որ ուշադրություն է դարձվելու ամենաարդիական խնդիրներին` ներառյալ թվայնացման ռազմավարությունը, անհրաժեշտ ենթակառուցվածքները, անվտանգությունը։

«Խոսելու ենք ամենապահանջված թեմաներից` թվային փոխակերպում, կիբեռանվտանգություն, ֆինթեք: Մասնակցելու են ղեկավարներ, փորձագետներ և խոսնակներ ինչպես արտասահմանից, այնպես էլ Հայաստանից: Պանելային քննարկումների ընթացքում Հայաստանի պետական պաշտոնյաները, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները, բանկային համակարգի մասնագետները, ինչպես նաև հրավիրված արտասահմանցի և տեղի փորձագետները քննարկելու են Հայաստանի թվայնացման հետ կապված խնդիրները և մարտահրավերները, ինչպես նաև կիսվելու են իրենց փորձով»,- նշեց Բալդրյանը:

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ միությունն իր գործընկերների հետ միասին արդեն 3-րդ տարի է՝ կազմակերպում Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը։

«Մենք նպատակ ունենք դիրքավորելու մեր երկիրը աշխարհում՝ որպես տեխնոլոգիապես զարգացած, ինժեներական լուծումներ առաջարկող, բարձրակարգ մասնագետների երկիր: Այս տարի միջոցառումը իրականացնում ենք Հայաստանի կենտրոնական բանկի աջակցությամբ, և այն նվիրված է թվային փոխակերպմանը։ Շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ Միության թիրախում է թվայնացումը և SՀS լուծումների տարածումը տնտեսության տարբեր ճյուղերում»,- նշեց նա։

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանի խոսքով՝ գիտության ու տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից ֆինանսական համակարգի ձևավորման միջոցով տարածաշրջանում առաջատար դիրքը ստանձնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության անկյունաքարային ուղերձներից է:

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում կազմակերպության նախագահ Աշոտ Հովանեսյանի խոսքով՝ թվային տրանսֆորմացիան պարզապես հին գործիքների փոխարինումը չէ թվայնացված գործիքներով:

«Դա ենթադրում է տեխնոլոգիայի և տեխնոլոգիան օգտագործելու վերաբերյալ մարդկանց մտածելակերպի համապարփակ փոփոխություն: Այնպես որ, թվայնացումը դեռ թվային տրանսֆորմացիա չէ։ Վերջերս այդ տերմինը շատ հաճախ է հնչում տարբեր հարթակներից։ Բայց սիրեք, թե ոչ, տերմինի հիմքում ընկած են բիզնեսի մանդատները՝ գործառնական հին մոդելների վերանայում, ավելի շատ փորձարկումներ, ավելի ճկուն արձագանք հաճախորդներին և մրցակիցներին և այլն»,- ասաց Հովանեսյանը:

Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Այս տարի միջոցառմանն աջակցում է Կենտրոնական բանկը։

Միջոցառմանը կարող են մասնակցել միայն հրավիրված մասնակիցները: Այն հասանելի կլինի նաև ուղիղ հեռարձակմամբ։

Հայերեն English Español

Երևանում Հյուսիսային խողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը