Հասարակական

Համայնքային բյուջեները չեն բավարարում, որ որոշ մանկապարտեզներ գործեն ամբողջ տարի. փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Համայնքային բյուջեները չեն բավարարում, որ որոշ մանկապարտեզներ գործեն ամբողջ տարի. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կան մանկապարտեզներ, որոնք կարող են գործել ամբողջ տարին, սակայն գործում են ընդամենը մի քանի ամիս, քանի որ համայնքային բյուջեն չի բավարարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Կառավարության՝ 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի համատեքստում փոխնախարարն ասաց. «Մենք չենք ուզում ունենալ իրավիճակ, որ մենք սարքում ենք մանկապարտեզը, ունենում ենք ամբողջական արդիական ենթակառուցվածք, սակայն դա փաստացի չի գործում: Մենք սեպտեմբերին արեցինք ուսումնասիրություն, և հանրապետությունում ունեինք շուրջ 50 մանկապարտեզ, որոնք կարող էին գործել, սակայն չեն գործում, որովհետև համայնքային բյուջեն չի բավարարում, որ մանկապարտեզը գործի»,- ասաց փոխնախարարը:

Կան մանկապարտեզներ, որոնք գործում են տարվա մեջ մի քանի ամիս, պատճառը կրկին համայնքային բյուջեն է, այն չի բավարարում, որ մանկապարտեզը գործի ամբողջ տարին: Անդրեասյանը վստահեցնում է, որ այս խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է:

«Մենք ուզում ենք իրապես լուծում գտնել, որը թույլ կտա երեխաներին ամբողջ տարին նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված լինել և դա անել որակյալ ու արդիական պայմաններում»,-նշեց փոխնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում