Սպառողն՝ առավել պահանջատեր. սննդամթերքի անվտանգության ոլորտում նկատվում է դրական տեղաշարժ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում վերջին տարիներին նկատվում է դրական տեղաշարժ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշեց, որ դա ոչ միայն տեսչական մարմնի լավ աշխատանքի, այլև հասարակության պահանջատիրության մակարդակի բարձրացման արդյունք է:

«Դեռ 2007 թվականին, երբ ստեղծվեց Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչությունը, այդ ժամանակ ես տեսուչ էի աշխատում Երևան քաղաքում: Վերահսկողության ընթացքում չկար այնպիսի մի խանութ, որտեղ չգտնեինք պիտանելիության ժամկետն անցած մեծաքանակ ապրանք: Դա պայմանավորված էր ոչ միայն վատ վերահսկողությամբ, այլև քաղաքացիների շրջանում իրազեկման պակասով: Քաղաքացիների շրջանում չկար ձևավորված այն մշակույթը, որ ապրանք գնելիս ուշադրություն դարձնեն ապրանքի պիտանելիության ժամկետին: Այսօր իրացման ցանցում մենք ունենք բոլորովին այլ պատկեր: Այսօր կարող ենք եզակի դեպքեր գտնել, երբ վաճառվում է պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք»,-ասաց Վահե Դանիելյանը:

Միայն ապրանքի պիտանելիության ժամկետին հետևելը քիչ է, և, ըստ Վահե Դանիելյանի, եթե ցանկանում ենք խոսել սննդամթերքի անվտանգությունից, սպառողների պաշտպանված լինելուց, ապա պետք է ուշադրություն դարձնել ապրանքի վրա առկա ամբողջ տեղեկատվությանը, որը վերաբերում է սպառողին: Այնտեղ նշված է թե բաղադրությունը, թե առկա ալերգենների մասին տեղեկատվությունը: Տեսչական մարմնի տեսլականն այն է, որ համապատասխան իրազեկման աշխատանքներում քաղաքացիների ուշադրության կենտրոնում պահեն մակնշման ամբողջական տեքստը:

«Այսօր խոսում ենք նույն կաթնայուղի փոխարինիչով արտադրանքի մասին և ունենք օրենսդրական նախաձեռնություն, որ դրանք առանձին վաճառվեն: Մենք այս նախաձեռնությունը չէինք ունենա, եթե մեր սպառողները կարդային մակնշման վրա առկա տեղեկատվությունը, կատարեին գիտակցված գնում և չգնեին այդ արտադրանքը որպես թթվասեր»,-ասաց Վահե Դանիելյանը:

Դրական տեղաշարժ նկատվում է նաև տնտեսվարողների մոտեցումներում: Դա երևում է տնտեսվարողների գործունեության կասեցումների թվի նվազմամբ: 2021 թվականին տեսչական մարմնի կողմից 60-ից ավելի տնտեսվարողների մոտ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել: Դրա նախորդող տարիներին այդ քանակը եղել է ավելի մեծ:

«Այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որտեղ մենք արձանագրում ենք անհամապատասխանություն և կիրառում ենք սահմանափակում, մենք հետևողական ենք, որ վերացնեն թերությունները, ինչից հետո միայն թույլատրում ենք, որ վերսկսեն իրենց գործունեությունը»,-ասաց Վահե Դանիելյանը:

Տեսչական մարմինը, ուշադրության կենտրոնում պահելով ոլորտի խնդիրները, խստացնելու է վերահսկողությունը և իրազեկման ծավալուն աշխատանքներ է իրականացնելու հասարակության շրջանում:

Հայերեն English

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային