Պաշտոնական

Հայտնի է Լիտվայի նախագահի Հայաստան պաշտոնական այցի օրակարգը

2 րոպեի ընթերցում

Հայտնի է Լիտվայի նախագահի Հայաստան պաշտոնական այցի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 20-ին նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի և Լիտվայի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լիտվայի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գիտանաս Նաուսեդային կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում