Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1907 թ. մայիսի 13-ին Երեւանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
-1936 թ. մայիսի 13-ին ծնվել է Հովիկ Հախվերդյանը՝ ռեժիսոր, Լեւոն Հախվերդյանի եղբայրը:
-1930 թ. մայիսի 13-ին մահացել է Ֆրիտյոֆ Նանսենը՝ նորվեգացի բեւեռախույզ, գիտնական, դիվանագետ եւ ականավոր հումանիստ։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել է Նանսենյան անձնագրեր։ Նա մինչեւ իր մահը զբաղվել է փախստականների հարցով, որից հետո Լիգան ստեղծել է Նանսենի միջազգային ակադեմիան Լիլլեհամերում եւ շարունակել է Նանսենի գործունեությունը։ 1938 թ. կազմակերպությունը պարգեւատրվել է Նոբելյան մրցանակով։
-1830 թ. մայիսի 13-ին Էկվադորը դուրս եկավ Մեծ Կոլումբիայի կազմից եւ հռչակեց իրեն հանրապետություն։
-1930 թ. մայիսի 13-ին սպանվեց վերջին վայրի պարկավոր գայլը:
-1913 թ. մայիսի 13-ին Ֆաթիմայում՝ Պորտուգալիայում, երեւացել է Մարիամ Աստվածամոր տեսիլքը:
-1840 թ. մայիսի 13-ին ծնվել է Ալֆոնս Դոդեն՝ ֆրանսիացի գրող, թատերագիր:
-1956 թ. մայիսի 13-ին մահացել է Ալեքսանդր Ֆադեեւը՝ ռուս գրող:
-1961 թ. մայիսի 13-ին մահացել է Գարի Կուպերը՝ ամերիկացի դերասան:
Հետաքրքրական է
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է։ Նման մասնիկները կարող են լինել, օրինակ, մետաղներում՝ էլեկտրոնները, էլեկտրոլիտներում՝ իոնները (կատիոններ եւ անիոններ), գազերում՝ իոնները եւ էլեկտրոնները, վակուումում՝ որոշակի պայմանների դեպքում, էլեկտրոնները, կիսահաղորդիչներում՝ էլեկտրոնները եւ խոռոչները (էլեկտրոնախոռոչային հաղորդականություն)։ Երբեմն էլեկտրական հոսանք է կոչվում նաեւ շեղման հոսանքը, որն առաջանում է էլեկտրական դաշտի փոփոխությունների ժամանակ։
Ինչ-որ նյութի մեջ էլեկտրական հոսանքի առկայության համար անհրաժեշտ է իրագործել երկու պայման.
- Նյութը պետք է լիցքավորված, սակայն ազատ մասնիկներ ունենա, այնպիսի մասնիկներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով (հոսանքակիրներ)։
- Այդ մասնիկների վրա պետք է ուժ ազդի եւ ստիպի շարժվել մի որոշակի ուղղությամբ։
Սակայն որպեսզի էլեկտրական հոսանք անցնի, պետք է հոսանքի աղբյուր։ Հոսանքի աղբյուրը հատուկ «սարք» է, որի միջոցով հաղորդչում էլեկտրական դաշտ է առաջանում։ Հոսանքի առաջին աղբյուրը ստեղծել է Ալեսանդրո Վոլտան 1800 թ.։ Նա վերցրել է արծաթե ու ցինկե մի քանի տասնյակ զույգ կլոր թիթեղներ եւ նրանց միջեւ աղաջրի մեջ թրջված ստվարաթղթի կլոր միջադիրներ դնելով՝ այդ ամենը դասավորել սյան տեսքով։ Հետո վերեւի եւ ներքեւի թիթեղներին հաղորդալար ամրացնելով՝ Վոլտան ստանում է հաստատուն հոսանքի առաջին աղբյուրը։ Այս հոսանքի աղբյուրը կոչում են վոլտյան սյուն։
Ա. Հ.