Հասարակական

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլի մեկնարկի մասին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ի Կառավարության նիստում վարչապետՆիկոլ Փաշինյաննասաց, որ վաղուց քննարկվում է Երևանում Աջափնյակ կայարան կառուցելու հարցը և հնարավորությունը:

«Մենք սկսել ենք գործնական փուլը: Հայտարարվել էր մրցույթ՝ կայարանի նախագծման վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով կա հաղթող ու այսօր կքննարկեն ֆինանսավորման հարցը, որպեսզի նախագծողը արդեն կոնկրետ Աջափնյակ կայարանի նախագիծը պատրաստի, ինչը նշանակում է՝ մտնում ենք շինարարության փուլ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:

Երևանի քաղաքապետՀրաչյա Սարգսյաննէլ արձագանքեց, որ նախագիծը կիրականացվի 510 օրում, կամ՝ գուցե ավելի շուտ, 50 միլիոն դոլարի շրջանակներում:

«Երեք փուլով է նախագիծը լինելու: Այս ֆինանսական միջոցների հաշվին կկարողանանք առաջին երկու փուլը ֆինանսավորել: Միաժամանակ, կխնդրեի ձեր հանձնարարականը, որպեսզի կարողանանք հիմիկվանից սկսած աշխատել նախագծի երրորդ փուլի համար ֆինանսական միջոցների հայթայթման մասով»,- ասաց Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս ծրագիրը ռազմավարական ծրագիր է, որովհետև սա նշանակում է, որ մետրոն անցում է կատարում Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում