Մենք նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ. Արարատ Միրզոյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 26-ին Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Միջոցառման բացման արարողությանն ԱԳ նախարարը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․

«Հարգարժա՛ն հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-հնդկական գործարար համաժողովին և շնորհակալ եմ Հնդկական արդյունաբերության համադաշնությանը՝ այսօր մեզ հյուրընկալելու համար:

Սա առաջին անգամն է, որ հայաստանյան գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների այսքան մեծ պատվիրակություն է ուղևորվել Հնդկաստան՝ հանդիպելու և ողջունելու իրենց գործընկերներին, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, փոխգործակցելու՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները հաղթահարելու և մեր հասարակությունների համար արժեք ստեղծելու համար: Այսօր մենք իրապես նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ, և թույլ տվեք ասել՝ վերականգնում ենք մեր ժողովուրդների միջև առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները։

Տարիների ընթացքում Հնդկաստանը դարձել է մեր կարևոր տնտեսական գործընկերը։ Միևնույն ժամանակ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատենք միասին։

Հնդկաստանը, որն անվանական ՀՆԱ-ով աշխարհի վեցերորդ երկիրն է և խոշոր տերությունների մեջ ամենաարագ զարգացող տնտեսությունը, հայ գործարարների, տեխնոլոգիաների և սկսնակ ձեռներեցների համար կարող է դառնալ անսահմանափակ հնարավորությունների երկիր: Հայաստանն, իր հերթին, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ 180 մլն բնակչությամբ և շուրջ 200 տրլն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ «GSP» առևտրային ռեժիմը շոշափելի առավելություններ են Հայաստանի ներդրումային գրավչության և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար։

Նշեմ նաև, որ մեր կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ Հայաստանում դրական գործարար միջավայր ապահովելու համար, որպեսզի գործարարները, ձեռնարկատերերը և ներդրողներն ունենան աշխատելու և ստեղծելու բարենպաստ պայմաններ։ Այս առումով ցանկանում եմ առանձնացնել այն հավակնոտ բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ, իսկապես մրցունակ տնտեսության և շուկայական հարաբերությունների հաստատմանը։

Հարգելի՛ բարեկամներ,

Հայաստանն ու Հնդկաստանը կարող են փոխշահավետ համագործակցություն հաստատել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, սակայն հատկապես բարձր տեխնոլոգիաների, ՏՏ, կրթության, զբոսաշրջության, ավիացիայի, լոգիստիկայի և դեղագործության ոլորտները գործընկերության ամենահեռանկարային և առաջադեմ ոլորտներից են: Այսօր այստեղ են հավաքված այս ոլորտների բոլոր լավագույն ներկայացուցիչներն, ուստի վստահ եմ, որ այսօրվա միջոցառման հաջողությունը երաշխավորված է։

Ամփոփելով, հարգելի՛ մասնակիցներ, ես ձեզ մաղթում եմ արդյունավետ և հետաքրքիր աշխատանք: Եվ կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ քաղաքական գործիչները խոսքը փոխանցեն գործարարներին։

Շնորհակալ եմ»:

Գործարար համաժողովին շնորհանդեսներով և ելույթներով հանդես են եկել նաև Հնդկաստանի արդյունաբերողների համադաշնության ներկայացուցիչները, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրենը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը և այլք:

Հայերեն العربية English Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում