Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձավ ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու հորդորների մասին հայտարարությունից հետո սկսված քննարկումներին

4 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձավ ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու հորդորների մասին հայտարարությունից հետո սկսված քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին իր հայտարարություններին հաջորդած քննարկումներին, թե նախկինում հայտնի չի եղել նման որևէ հորդորի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ վարչապետը այդ հայտարարությունները տարակուսելի է համարեց:

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողը իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով: Անորոշ ասելով՝ նկատի էր առնվում տասնամյակներ, եթե ոչ ավել: 2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում, այնպիսի ատյանների, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նշաձողը իջեցնելու այդպիսի հորդոր էր ԵԱՀԿ 1996 թվականի լիսաբոնյան գագաթնաժողովը, նշաձողը իջեցնելու այդպիսի հորդոր էր 1999 թվականի ընդհանուր պետության գաղափարը: Նշաձողը իջեցնելու այդպիսի հորդոր էր 2001 թվականի քիվեսթյան գործընթացը, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները, որոնց վրա հիմնված էին 2016 թվականի հունվար, հուլիս, օգոստոսի երեք առաջարկները: Նշաձողը իջեցնելու այդպիսի ուղիղ և անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային տարբեր ատյանների ընդունած տարբեր փաստաթղթեր: Եվ այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, որ դրանք գոյություն չեն ունեցել»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով`հենց դրանում է իրավիճակի ամբողջ նրբությունը, որ հարկ է համարում, որ հանրությունը սրա մասին իմանա: Նրա խոսքով՝ այն, որ հնարավորինս շատ քարտեր է բացում հանրության առաջ, վկայությունն է, որ հանրության առաջ հաշվետու լինելը կարևոր հանգամանք է իր համար:

«Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով մեր մարտավարությունը հետևյալն է` ապահովել այնպիսի իրավիճակ կամ այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում, և, ինչպես ասել եմ ապրիլի 14-ին խորհրդարանում իմ ունեցած ելույթում, ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի ղարաբաղցի, արցախցի և հայ:

Լեռնային Ղարաբաղի խնդրի որևէ հանգուցալուծում կամ Լեռնային Ղարաբաղում հաստատված որևէ իրադարձություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլ նաև չի երաշխավորվելու, ընդունելի չէ մեզ համար և ընդունելի չի լինի երբեք»,- շեշտեց Փաշինյանը:

Երկրի ղեկավարի խոսքով` սա է հարցի առանցքը, մնացածը բաժակաճառեր են:

« Եվ այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու և Արցախը հայաթափվելու է, ահա նրանք հանձնել են, հանձնում են և ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը: Բայց նաև կարող ենք վստահ լինել, որ մենք դա թույլ չենք տալու անել, Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա դա անել: Նաև թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն: Թույլ չենք տալու, որովհետև համոզված ենք, որ հենց խաղաղության օրակարգն է, որն ապահովելու է Հայաստանի Հանրապետության և Արցախի ապագան»,- եզրափակեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում