Նոր համաձայնագիրը կնպաստի հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի միջև ապրիլի 20-ին ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ այդ համաձայնագրի՝ կողմերը նպատակադրվում են նպաստել երկու երկրների միջև գործարար ոլորտում փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ու երկարատև համագործակցության ընդլայնմանը, համատեղ նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը:

Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, չինական կողմից՝ Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Կանտոնի տոնավաճառի գլխավոր քարտուղարի տեղակալ Յե ՋիՋիանգը։

Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նույն օրը կազմակերպված՝ Կանտոնի տոնավաճառի առցանց իրազեկման միջոցառման շրջանակներում, որին կազմակերպիչներից բացի մասնակցեցին տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող գործարարներ, ոլորտային հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«Ստորագրված համաձայնագիրը թույլ կտա առավել հանգամանալի ծանոթանալու ու վերլուծելու չինական շուկայի առավելությունները, երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները, մեծացնելու փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները»,-նշել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ հայ-չինական տնտեսական կապերի որոշակի ավանդույթներ արդեն ձևավորվել են՝ սկսած Մետաքսի ճանապարհի ակտիվ գործունեության ժամանակներից, և այսօր էլ դրա վերագործարկման գործընթացում Հայաստանը պատրաստակամ է ակտիվ դերակատարում ունենալ, նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

«Չնայած տարբեր հանգամանքներով պայմանավորված դժվարին ժամանակներին՝ պետք է փորձենք հնարավորինս սերտացնել ու խորացնել մեր տնտեսական հարաբերությունները»,-ասաց Չինաստանի ներմուծման և արտահանման տոնավաճառի արտաքին հարաբերությունների գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Յու Ի-ն։

Նրա հավաստմամբ՝ հայկական ապրանքները բարձր են գնահատվում չինական շուկայում, և հայ գործընկերների հետ անմիջական համագործակցությունը, ստորագրված համաձայնագիրը նոր խթան կհանդիսանան երկկողմ գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Առցանց իրազեկման միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքեր հղեցին ու հետագա արդյունավետ փոխգործակցություն մաղթեցին ՀՀ-ում Չինաստանի դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Վան Ժույցզյուանը և ՉԺՀ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Արտաշես Պետրոսյանը՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով միմյանց սատարելու գործարար նախաձեռնություններին։

Կանտոնի տոնավաճառի պատմությանը, ընձեռած հնարավորություններին, մասնակցության եղանակներին ծանոթացրեց Յե ՋիՋիանգը՝ պատասխանելով նաև գործարարներին հետաքրքրող հարցերին։

Հայերեն English

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը