«ՔայլՏեք» ընկերությունը զինհաշմանդամների կյանքի որակը բարելավելու նոր սարք ունի
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՔայլՏեք» հայկական ընկերությունը ներկայացնում է իր նոր արտադրանքը՝ VR տեխնոլոգիայով MetaGait շարժունակության վերականգնման նորարարական սարքը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը նշեց՝ սա ընկերության նախորդ արտադրանքի՝ «Քայլաբեր» սարքի կատարելագործված տեսակն է:
Սարքը անշարժունակ անձի համար քայլքի իմիտացիա ստեղծելու գործառույթից բացի այժմ ունի VR միջավայր, որտեղ շահառուները կկարողանան խաղալ տարատեսակ խաղեր՝ վիրտուալ տիրույթում շարժվելու հնարավորությամբ:
«Զինհաշմանդամ բուժառու կա, որը չէր կարողանում կոնքը կայուն պահել։ Երբ խաղը միացրինք, շատ արագ սկսեց կոնքը կառավարել։ Խաղում հաշմանդամություն ունեցող անձը տեղափոխում է ուրիշ աշխարհ, որտեղ ինքը քայլում է, անում է այն գործողությունները, որը չի կարող անել իրական աշխարհում։ Բայց սա իրենից ենթադրում է նաև վերականգնող, աջակցող, կանխարգելող միջոց»,- պատմեց Արսենյանը։
VR միջավայրում նախատեսված խաղերից են ֆուտբոլը, դահուկը, հոկեյը, թենիսը և առհասարակ քայլքի ֆունկցիա ու կանգնած դիրք պահանջող գործառույթները, օրինակ՝ զբոսանք վիրտուալ անտառում: Մտադիր են նաև Հայաստանում և ամբողջ աշխարհում ստեղծել համաշխարհային կիբերսպորտ, հաշմանդամային կիբերտուրիզմ։
«Պատկերացրեք սարք, որը սկիզբ է առել Հայաստանից։ Շահառուները կարող են VR միջավայրում այցելել Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Միջազգային շուկա հանելու դեպքում հայ շահառուն կարող է շփվել աշխարհի տարբեր տեղերում գտնվող մարդկանց հետ»,- ասաց սարքի հեղինակը։
MetaGait-ը նախատեսված է ուղղահայաց դիրքում կոմպլեքս վերականգնողական վարժություններ կատարելու համար: Այն կարելի է հեշտությամբ օգտագործել տանը, ինչը Արսենյանի խոսքով՝ կարևոր է շատ բուժառուների համար, քանի որ այս կերպ կանխվում կամ մեղմվում են հաշմանդամության հետ զուգահեռ զարգացող ավելի քան 30 հիվանդություններ:
Արսենյանը շեշտեց՝ ապագա շահառուներին, ընդհանուր առմամբ, պետք է 35 սարք։ 20 սարք տրամադրվում է անհատապես 20 զինհաշմանդամի, 5-ը՝ երեխաների խնամքի 4 կենտրոնի, 10-ն էլ՝ Արցախի վերականգնողական կենտրոնին։ Մի սարքի արտադրության համար անհրաժեշտ է շուրջ 2 մլն դրամ, 35 սարքի համար՝ 75 մլն դրամ` ներառյալ տեղափոխման ծախսերը:
Ծրագիրը կյանքի կոչելու համար ReArmenia-ի հարթակում մեկնարկել է դրամահավաք, որին աջակցել կարող եք գումար նվիրաբերելով այստեղ:
Սարքի հեղինակ Արսենյանը ակնկալում է նաև պետության աջակցությունը։ Վստահեցնում է՝ ինչքան գումար հատկացվի սարքերի ձեռքբերմանը, նույնքան վերադարձվելու է պետությանը։
«Հայաստանի համար սարքը լավ առաջարկ է, այն մեծ անհրաժեշտություն ունեցող պրոդուկտ է և լայն սպառում կունենա միջազգային շուկաներում ևս։ Եթե Հայաստանում ստեղծվեն պայմաններ, որը նպաստավոր կլինի սարքը արտահանելու համար, Հայաստանը դրանից շահած դուրս կգա․ հարկերի տեսքով գումարներ, նոր աշխատատեղեր, #MadeinArmenia-ի տարածումն էլ նպաստաբեր կլինի։ Սարքի նմանօրինակը աշխարհում գոյություն չունի։ Մասերը նույնպես ամբողջությամբ հայկական արտադրության են, ներառյալ սարքի սենսորները»,- ընդգծեց Արսենյանը։
Վերջինս վստահեցրեց՝ միանալով նախագծին՝ միաժամանակ կնպաստեք մի քանի խնդրի լուծման․ վիրավոր զինվորների առողջության պահպանմանն ու վերականգնմանը, Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը, պետբյուջեի խնայմանը, բուժառուների կյանքի որակի բարելավմանը:
Կարինե Տերտերյան