ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանթաս Ադոմինասի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում:
Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև՝ հայկական կողմի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների, մասնավորապես՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի և տնտեսական բոլոր ուղիների ապաշրջափակման վերաբերյալ:
Զրուցակիցները կարևորել են 2021 թվականին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների և դրան հաջորդած ժողովրդական բարեփոխումների ընթացքը: Այս ամենը կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Անդրադարձ է նաև կատարվել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում երկկողմ համագործակցությանը: Թեմայի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հերքող փաստեր Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին: