Հասարակական

Այգեստանում կրակոցներ արձակած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Այգեստանում կրակոցներ արձակած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 26-ի ժամը 05:08-ից տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 30-ամյա տղամարդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել, ինչից հետո շարժվել է Ալեք Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը Նալբանդյան 130 հասցեի մոտ նկատել է ինքնաձիգով զինված քաղաքացուն և, չգտնվելով ծառայության մեջ, հետապնդել է նրան, ապա կանգնեցնելով՝ սկսել է բանակցել, որ զենքը հանձնի իրեն: Բանակցությունների արդյունքում տղամարդը ոստիկանին է հանձնել ինքնաձիգը, ինչի մասին ոստիկանը հաղորդել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ապա մոտեցած պարեկներին է հանձնել տղամարդուն և ինքնաձիգը:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Այգեստանի 9-րդ փողոցում՝ դեպքի վայրում, զննությամբ հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի 8 պարկուճ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և կրակոցների հետևանքով վնասված «Մերսեդես» մակնիշի մեքենա: Տղամարդուց վերցված ինքնաձիգը լիցքավորված էր 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտով: Տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով: 30-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում