ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ապակայունացնող գործողությունների մասին մարտի 25-ին զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև կոնգրեսականներ Ֆրենք Փալոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից՝ դեսպան Մակունցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, գազի մատակարարման խաթարման արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները։
Մարտի 25-ին Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։
Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փառուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։
Դեսպան Մակունցն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում։
Մարտի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։ ՀՀ ԱԳՆ-ից փաստի առնչությամբ հայտնել են, որԱդրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։
Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։