Սպորտ

Հայ բռնքամարտիկները հաղթել են թուրք և ադրբեջանցի մրցակիցներին և դուրս եկել եզրափակիչ

2 րոպեի ընթերցում

Հայ բռնքամարտիկները հաղթել են թուրք և ադրբեջանցի մրցակիցներին և դուրս եկել եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են նախնական փուլերի մենամարտերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը դուրս են եկել եզրափակիչ և մարտի 23-ին կպայքարեն ամենաբարձր մեդալների համար:

Ասլիկյանը կիսաեզրափակչում հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Տահիր Ակոյունի նկատմամբ, իսկ եզրափակչում կմենամարտի իտալացի Միշել Բալդասի հետ: 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանն էլ կիսաեզրափակչում 4:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջալալ Գուրբանովի նկատմամբ: Եզրափակչում Շախպազյանի մրցակիցը կլինի թուրք Օզմեն Քերիմը: Վերջինս նոյեմբերին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր:

Կանանց պայքարում էլ Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51 կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ) և Հովհաննես Փափազյանը (+86 կգ), իսկ կանանց պայքարում՝ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Արևիկ Դոխոյանը (52 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում